«Ժողովուրդ». Ինչու է հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը դարձել գլխացավանք և պետք է կանգնեցվի այն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»։
Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ: Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից:
Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց. «Ովքեր օգտվում են այս ծրագրից, նրանք շարունակելու են օգտվել»:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն. «Մոտ 10 օրից կվերջացնեմ և կուղարկեմ կառավարություն: Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչև 30 մլն դրամ արժողության բնակարանների համար»։
Սակայն նրա առաջարկության մեջ բացակայում է երկրորդային շուկային վերաբերող կետը. «Ոչ, ոչ… մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չի լինի, որովհետև չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ ֆիկտիվ ձևակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, և կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը»: Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից և բնակարանատեր կդառնան, մնում է կարողանան այդ գնով տուն գտնել, ինչը շատ դժվար է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում