Հալեպի մերձակայքում հայտնաբերվել է ստորգետնյա լաբիրինթ՝ զինյալների շտաբի հետ միասին
Սիրիայի բանակի զինծառայողները Հալեպի մերձակայքում վերջերս ազատագրված Խայամ գյուղի ծայրամասում հայտնաբերել են մի քանի կիլոմետր ընդհանուր երկարությամբ ստորգետնյա թունելների ցանց, որտեղ գտնվում էին զինյալների շտաբերն ու ապաստարանները: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալության և այլ լրատվամիջոցների լրագրողներին հաղորդել է սիրիական բանակի գնդապետ Աբդելհադեր Էլբիջը:
«Մենք երկար ժամանակ հետևել ենք այս տարածքին և զարմացել, թե ինչպես է գրոհայիններին հաջողվել գաղտնի տեղաշարժվել դիրքերով, փոխել դրանց տեղը: Բայց երբ մենք նրանց դուրս մղեցինք այստեղից և տեսանք այն ամենը, ինչ նրանք փորել և կառուցել են, ամեն ինչ ընկավ իր տեղը: Բայց դուք տեսնում եք, նույնիսկ դա չօգնեց նրանց», - ասել է սիրիացի սպան ՝ ցույց տալով զինյալների կահավորած օբյեկտները։
Նա մանրամասնել է, որ արտաքինից թվում էր, թե քարհանք է, բայց ստորգետնյա հատվածում սիրիական զորքերը հայտնաբերել են թունելների խճճված ցանց ՝ տասնյակ նեղ միջանցքներով:
«Սենյակներից մեկում ահաբեկիչների շտաբն էր, այստեղ գրասենյակային տախտակի վրա զետեղված էր կրակակետերի գտնվելու վայրի պլանը և հերթապահության ժամանակացույցը: Շտաբում նույնիսկ էլեկտրականություն կար: Զնդանները, որտեղից զինյալները մարտ էին վարում, հագեցած էին հանգստի սենյակներով և պահեստներով»,-ասել է Աբդելհադերը:
Ըստ գնդապետ Էլբիջի խոսքի՝ արտաքին ուժերն են գրոհայիններին օգնել ստորգետնյա ամրությունները կառուցել:
Պատերազմից առաջ գյուղում բնակվել է ավելի քան 3 հազար մարդ, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների բռնկումից հետո հեռացել էր այնտեղից: Իշխանությունները սկսել են մաքրել փլատակները և վերականգնել գյուղը, որտեղ գրեթե բոլոր տները վնասված են: Կվերականգնվի եռահարկ գյուղական դպրոցի տարածքը, որի մի մասը գրոհայինները վերածել էին հիվանդանոցի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա