Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 18.7%-ով աճել է
Հայաստանում 2020 թվականի հունվարին արտադրվել է 726.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 18.7%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հունվարին ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 83.6%-ով և կազմել 301.8 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունն էլ ավելացել է 27%-ով՝ կազմելով 4.7 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալները հունվարին նվազել են 20.7%-ով՝ կազմելով 122.6 մլն կՎտ ժամ։
Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 300.3 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019թ-ի հունվարի համեմատ 2.9%-ով ավելի է:
Նշենք նաև, որ այս տարվա հունվարին արևային էլեկտրակայաններն արտադրել են 1.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 83.3%-ով, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 0.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 16.7%-ով։