Կոմայի մեջ գտնվող սպայի հորը ոչ Փաշինյանն է արձագանքել, ոչ էլ Տոնոյանը
Եղեգնաձորում անցած տարվա սեպտամբերին ծեծի հետևանքով մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնադապետ Արա Մխիթարյանի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ երեկվանից մինչ այս պահը ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որևէ կերպ կապ չեն հաստատել, նրա պահանջին չեն արձագանքել։
Panorama.am-ի հետ զրույցում սպայի հայրն ասաց՝ այս պահին էլ Մուրացաի զինվորական հոսպիտալի դիմաց է, սպասում է պաշտոնյաների արձագանքին։
Մխիթարյանը չի վստահում իրականացվող քննությանը, համարում է որ այն ընթանում է անարդար, վստահ է, որ որդու ծեծին մասնակցել է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը։ Պահանջում է տեսագրությունները, որպեսզի հանձնի անկախ փորձաքննության։
Ծեծի ենթարկված որդու գործով մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Փաստն ավելի է զայրացրել հիվանդանոցում կյանքի ու մահվան սահմանագծին ամիսներ շարունակ պայքարող զինվորականի հորը։
Նա մինչև այսօրվա ժամը 11-ը ժամանակ էր տվել վարչապետին ու պաշտպանության նախարարին՝ «եթե էդ ճիվաղ մարզպետին, մնացած հինգ հոգու հետ չկալանավորվեն, Եղեգնաձորի ոստիկանապետն ու քննչականի պետը չկանչվեն պատասխանատվության, ինձնից չնեղանաք»։
Նա սպառնում էր որդու անկենդան մարմինը դուրս հանել հիվանդանոցից ու ի նշան բողոքի քայլել փողոցներում։
«Դատելով, որ հոսպիտալի մոտ ոստիկանական մեքենաներ են եկել՝ մի բան հասել է տեղ։
Եկել եմ ասելու, երեկ մի անգամ էլ ասել եմ, սպաների մայրեր, լսեք ջարդված տղու հորը, զգույշ եղեք, ձեր երեխաներին լավ պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած, ով ուզենա, կարա խփե։ Էն սպան, որ կանգնած է սահմանի վրա, ավելի է պաշտպանված քան թե երկրի ներսում։
Երկրի ներսում կարան սպային ջարդեն-փշեն, ու հետո հայտարարեն՝ մեր դեմը խաղ չկա, ինչ ուզենանք, էն կենենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց հայրը, որ մի քանի բարեկամների, ընկերների հետ այս պահին հոսպիտալի դիմաց է։
Մխիթարյանն ասաց՝ մութ ու ցուրտ տարիներին որդուն ուղարկել է նախ Լենինգրադ, հետո Մոսկվա ուսում ստանալու, որ հետո հայրենիքը պաշտպանի։
«Էսօր ազատ են արձակել են մարդուն, ով հաստատ մասնակից է եղել ծեծին։ Դիմում եմ Ձեզ՝ վերաքննիչ դատարանի դատավոր, ես վերջում կանիծեմ բոլորին, ով էս գործի հետ կապ ունի...
Դիմում եմ Ձեզ, հալալ է քեզ, որ դու կարող ես սպային ջարդած սպային ազատես, եթե քո որդու հետ այդպես արած լինեի՞ն, կազատեի՞ր։ Դատավոր Արմեն Դանիելյան, դիմում եմ քեզ, քանի շուտ է, ուշքի արի»,-ասաց փոխգնդապետի հայրը։
Սամվել Մխիթարյանն ասաց՝ քանի որ կարանտինային վիճակ է, երեկ իրեն զանգահարածներին խնդրել է չգալ իր հետ, բայց պահանջում է անհապաղ պատասխանել իր հարցերին, ավելի վաղ գրած դիմումներին, հակառակ դեպքում դիմելու է միջազգային կառույցներին։
Հարակից հրապարակումներ`
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը սպառնաց դուրս բերել որդու մարմինն ու սկսել արշավը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր. Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել
- Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա. փոխնախարար
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծելու գործով ևս մեկ անձ է կալանավորվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է