Լիբանանը հայտարարել է դեֆոլտի մասին. արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 170 տոկոսի
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ կառավարությունը կդադարեցնի 1,2 միլիարդ դոլարի վարկերի մարումը, նշելով երկրի պատմության մեջ պարտքի առաջին ճգնաժամի մասին: Դիաբը ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ երկիրը կփորձի վերակառուցել իր պարտքը: Այսօր արդեն պետք է մարվեր 1,2 միլիարդ դոլարի եվրապարտատոմսերը:
Վարչապետի խոսքով, Լիբանանի պարտքը հասել է 90 միլիարդ դոլարի, կամ ՀՆԱ-ի 170 տոկոսի՝ այն դարձնելով աշխարհում խոշորագույններից մեկը: Նա ավելացրել է, որ ընդհանուր պարտքը և տոկոսադրույքը, որը Լիբանանը պետք է վճարի 2020-ին, կազմել են 4,6 միլիարդ դոլար:
«Լիբանանի պարտքը ավելին է, քան երկիրը կարող է վճարել», - ասել է Հասան Դիաբը:
Ինչպես գրում է kommersant-ը, ազգային արժույթը կորցրել է իր արժեքի մինչև 60%-ը դոլարի նկատմամբ։
Ըստ նրա, Լիբանանի արտարժույթի պաշարները «հասել են կրիտիկական փուլի», ինչն էլ կառավարությանը ստիպել է դադարեցնել պարտքի վճարումը, որպեսզի այն կարողանա ժողովրդին ապահովել հիմնական ապրանքներով:
«Պարտքը վճարելը կասեցնելու որոշումը միակ միջոցն է պաշտպանելու մեր ազգային շահերը, մինչև համապարփակ բարեփոխումների ծրագիրը», - ասել է Լիբանանի վարչապետը:
Երկրում եվրոպարտատոմսերի դեֆոլտը լիբանանյան ճգնաժամի նոր գլուխ է բացում և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հանգեցնել պարտատերերի դատական գործերի:
Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ակցիները մեկնարկեցին նախորդ տարի՝ ընդդեմ կոռուպցիայի, իշխանությունների, ինչը հանգեցրեց կառավարության փոփոխության, հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում ցուցարարները մերժում են նոր կառավարությանը
- Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով. արաբագետ
- Լիբանանում ճգնաժամը սրվում է
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն