Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել են ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզա այցելությունները
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի»,- այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7֊ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով»։
Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան