«Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով». քայլերթ Գյումրիում
Գյումրիում կանանաց բռնության դեմ քայլերթ է իրականացվում։ «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում» և «Ո՛չ բռնությանը» գրառումներով պաստառները ձեռքների մի խումբ կանայք թմբուկների ուղեկցությամբ շրջում են քաղաքի փողոցներով՝ հնչեցնելով իրենց բողոքի ձայնը կանանց նկատմամբ բռնության նկատմամբ։
Ակցիայի մասնակիցները պնդում են՝ եթե չլիներ հասարակության անտարբերությունը, ապա օրեր առաջ Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը կարող էր ապրել։
«Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր»,- ասում են քայլերթի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ կնասպանության և կնոջ նկատմամբ բռնությունների դեպքերը նվազեն, և քանի որ 43-ամյա կնոջ սպանությունը որակվել է անզգուշությամբ մահվան հասցնելու դեպք, երթի մասնակիցները հետամուտ են լինելու, որ հնարավորինս ծանր պատիժ կրի 28-ամյա տղամարդը։
«Մենք պիտի բարձրաձայնենք կանանց իրավունքները և հնարավորինս պաշտպանենք նրանց։ 2020 թվականի հունվարից մինչև մարտ մենք ունենք արդեն 5 կնասպանության դեպք»,- ասաց ակցայի մասնակից Կարինե Դավթյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4 լույս 5-ի գիշերը Գյումրիում 28–ամյա երիտասարդը ծեծել էր 43–ամյա կնոջն ու նրա 13–ամյա դստերը, կինը մահացել էր, իսկ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան
- Պատգամավորներն անդրադարձան Գյումրիում տեղի ունեցած կնոջ սպանությանը