Քաղտեխնոլոգ. Հանրաքվեն ընդամենը 7 հոգու հանելու և մեկ ուրիշ 7 հոգի ընտրելու խնդիր է
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ռազմավարությունը, մարտավարությունը իշխանությունը դեռ չի գտել։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Իշխանությունը ուզում էր քարոզարշավն իրականացնել սև-սպիտակով, բայց քանի որ ընդդիմադիրները կամ սևերը, ավելին՝ ոչ մի քաղաքական ուժ չմտավ այդ խաղի մեջ, մշակած ռազմավարությունը դարձավ անիմաստ»,- նշեց նա։
Կարեն Քոչարյանը նկատեց՝ «Ոչ»-ի դրոշակը վերցրել են իրավաբանները, սակայն այդ շտաբի կողմից առայժմ չի նկատում մարտավարություն, հստակ գործողություններ։
Հանրաքվեից հետո, ինչպես բանախոսն է նշում, ոչինչ էլ չի փոխվի, խնդիրն այն է, կկարողանա՞ արդյոք իշխանությունը ապահովել 650 հազար կողմ ձայն։
«Եթե չկարողանա, իշխանությունն ասելու է, որ դա դեմոկրատիայի հաղթանակ է, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ չեն նկարում, չեն ստիպում քվեարկել, ձայներ չեն առնում, իսկ եթե հաղթի՝ ասելու են, հեղափոխությունը վերջապես հաղթեց։ Ես իշխանության երկու պատասխանն էլ արդեն գիտեմ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Որպես ՀՀ քաղաքացի նրան այնքան էլ չի հետաքրքրում հանրաքվեն, քանի որ «հանրաքվեն ընդամենը յոթ հոգու հանելու և մեկ ուրիշ յոթ հոգի ընտրելու խնդիր է»։
«Ինձ հետաքրքրում է՝ ուր ենք գնում, ոնց ենք զարգանում մենք։ Ինձ ավելի շատ անհագստացնում է տնտեսական վիճակը, որն ընկած է Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու անվտանգության ընդհանուր համակարգի հիմքում։ Ես չեմ կարող ասել, տնտեսությունը հիմա ինչ վիճակում է, բայց շատ բաներ մտահոգում են, օրինակ ներդրումներ չկան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դրա պատճառներից մեկն էլ կայունության բացակայությունն է, մարդիկ սպասողական վիճակում են, ունեցած գումարները չեն ծախսում, իսկ եթե սա երկարի, ապա տնտեսական լուրջ կոլապս կարող է լինել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին