Վիտալի Բալասանյան. Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս
«Անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ»,- մարտի 8-ին Իվանյան գյուղի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում սա թեկնածու Բալասանյանի հերթական հանդիպումն էր, որի ժամանակ, չնայած տոնական օրվան ու գյուղացիների բազմաթիվ սոցիալական խնդիրներին, առաջնային անդրադարձը կրկին երկրի հետագա ճակատագրին էր վերաբերում։
«Տարածքների առնչությամբ պատմականը դեռ մի կողմ թողնենք, բայց Ադրբեջանը կամ դրանց մասին խոսող որևէ երկիր, եթե դույզն- ինչ կասկած ունենար, որ իրավական առումով հողի մի կտոր թեկուզ պատկանում է Ադրբեջանին, հիմա հազար անգամ մեզ դատի էին տվել, էլ ինչի էր կռվում»,- ասել է Բալասանյանը՝ նշելով, որ միաժամանակ պետք է հիշել, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի ու չի ունեցել, իսկ նման փորձերի արդյունքների նվազագույնը 120 տարի է, ինչին ականատես ենք։
Հակառակորդի կրակակետերը լռեցվել են և լռեցվելու են։
Անդրադառնալով կրթությանը, Արցախի նախագահի թեկնածուն նշել է՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու մասին խոսել, երբ համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է, ուղղակի անհնար է պատկերացնել։
Փոխարենը, Բալասանյանի խոսքով, վիճակի մասին իրական պատկերացում է տալիս մեկ օրինակ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում սովորում է 1275 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Առկա համակարգում 600, հեռակա՝ 675 ուսանող է։ Ավելի քան 200 դասախոսներ կան։
«Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս։ Էն դեպքում, երբ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն ընդհանրապես դասի չեն հաճախում, միայն՝ ստուգարքներին։ Քանի՞սն են ցածր առաջադիմության պատճառով դուրս մնացել։ Ոչ ոք։ Դուրս մնացողներ կան, իհարկե՝ 27-ը, սակայն բոլորն էլ բարձր առաջադիմությամբ, բայց նրանք վարձավճարը չեն կարողացել տալ»,- ասել է Բալասանյանը։
Նրա խոսքով, բուհը պետք է անվճար լինի բարձր առաջադիմություն ունեցողների համար, իսկ մյուսների համար, «եթե անգամ աշխարհի փողն ունենանք, բուհը չպիտի անվճար չլինի»։
Առողջապահության համակարգն անվճա՞ր է լինելու, հարցրել են։
«Փորձեցի հասկանալ, թե անցած ավելի քան քսան տարում կանխարգելիչ քանի միջոցառում է իրականացվել հանրապետությունում։ Ի՞նչ է արել Առողջապահության նախարարությունը՝ ոչինչ, չնայած դրա մասին այսքան խոսում ենք։ Սպասում են, մարդիկ հիվանդանան, նոր տանեն հիվանդանոց, կաթիլային միացնեն։ Սա՞ է առողջապահության համակարգը»,- ասաց Բալասանյանը։ Իսկ խնդիրներն, իրոք, համակարգային և մասնագիտական լուծում են պահանջում, որոնց անդրադարձել է Բալասանյանի թիմն՝ իր նախընտրական ծրագրում։ Այս մասին խոսելով՝ նա ընտրողներին ևս մեկ անգամ կոչ է արել՝ լինե՛լ սթափ ու արդար։
Կանանց միջազգային օրը ավարտվեց գեղեցիկ համերգով՝ Ասկերան քաղաքում։
Ասկերանցիներին հյուր էր եկել Սոֆի Մխեյանը։ Համերգն անցել է տոնական, ուրախ տրմադրության ներքո ՝ հայտնի և սիրված երգեր, պրոֆեսիոնալ կատարում, հանդիսատեսի ջերմ ընդունելություն։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Շատ եմ ցավում, բայց վերջին տարիներին Արցախում պառակտիչ գործողություններ են արվել
- Վիտալի Բալասանյանը երդվեց՝ կրկնելով իր կարգախոսը. «Հաղթանակը չի վաճառվում»
- Վիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»
- Վիտալի Բալասանյան. Լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան