ԿԳՄՍ փոխնախարարի չիմացության պատճառով հատուկ պահպանվող հողի կատեգորիան փոխվել է
Հայաստանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան փոխելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը: Այս մասին Panorama.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պտասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ծանոթ են հրապարակմանն ու ի՞նչ քայլեր է նախատեսում անել:
Օրեր առաջ «Հետքը» գրել էր, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Վաչե Տերտերյանին ուղղված իր գրության մեջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան, նախարարությունը չի առարկում այդ հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի: Մինչդեռ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը, որը 2013-ից ղեկավարում է Արտաշատի պեղումները, ասել է, որ հատուկ պահպանվող տարածքում որևէ աշխատանք նախաձեռնելուց առաջ նախ պետք է հաշվի առնվեր Հնագիտության ինստիտուտի մասնագետների կարծիքը։
«Ասում են մասնագետների գնահատմամբ ոչ մի պատմամշակութային հուշարձան չկա, հետաքրքիր է ո՞վ է այդ մասնագետը, որ գնահատել է, եթե տարածքում մենք ենք պեղումներ անում։ Արտաշատը 15 բլուրների վրա կառուցված քաղաք է, այդ բլուրներից 2-ի նշանակությունը փոխել և պատրաստվում են շինարարություն անել, դա հանցագործություն է»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։
Panorama.am-ը դիմեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, թե ի՞նչ աղբյուրներից, գրականությունից է օգտվել, որ եկել է հնագետի կարծիքին հակասող կարծիքի:
«Ըստ էության, այնտեղ կան պատմամշակութային հուշարձաններ»,- զրույցի սկզբում ընդգծեց փոխնախարարը:
Շարունակելով իր խոսքը՝ Ն. Խաչատուրյանն ասաց. «Ես ինքս չեմ կարող իմանալ, թե Հայաստանի որ անկյունում ինչ կա, դրա համար կան մասնագետներ: Իմ ստորագրությունը դրվել է այդպես ասած «մասնագետի» կողմից տրված եզրակացության հիման վրա»:
Փոխնախարարն ասաց, որ երեկ գնացել են Լուսառատ համայնք, հանդիպել այն մարդուն, որն իբր տեղազննությունն է արել, պնդել, որ հուշարձաններ չկան:
«Այո, արտաքինից հուշարձաններ չկան, բայց դա չի նշանակում, որ հնագիտական շերտեր չկան: Ամբողջ Արտաշատը, որը 600 տարի ծառայել է իբրև մայրաքաղաք, ամեն միլիմետրն ընդերքում հուշարձան է: Մեր Հուշարձանների պահպանության գործակալության Արարատի տարածքային պատասխանատուն ասում է, որ ունի քարտեզ, որի վրա այդ տարածքը, որի հողի նշանակությունն իմ ստորագրությամբ փոխվել է, պահպանական գոտի չէ, այսինքն հուշարձանի տարածքում չի գտնվում: Իրոք, մենք նայեցինք, այդպես է քարտեզի վրա: Հարցն այն է, որ 2012 թվականին բավական մեծ տարածք կրճատվել է, մի մասը դուրս է թողնվել պահպանվող գոտուց: Վաղվանից հնագետների, այն ՊՈԱԿ-ի հետ, որի մասնագետը կրճատել է պահպանման գոտին, բոլորին հրավիրելու ենք՝ հասկանալու, թե ինչպես կարող էր 2012 թվականին այդպիսի բան պատահել»,- ասաց Ն. Խաչատուրյանը:
Նա նշեց, որ այսօր այնտեղ պեղումները ղեկավարող Մկրտիչ Զարդարյանը նոր տեխնոլոգիաներով սկանավորել է ողջ տարածքը, ապացուցում է, որ այնտեղ կան հնագիտական շերտեր, որևէ մեկը չի կարող հակառակն ապացուցել, ուղղակի ավելի զգուշավորություն էր պետք:
«Նախ պետք էր գործակալության մասնագետը բարեհաճեր հանդիպել այնտեղ աշխատող հայ-գերմանական արշավախմբ ղեկավար Զարդարյանի հետ, գոնե կոնսուլտացիա աներ, չի արել, ես էլ իր եզրակացության հիման վրա ստորագրել եմ, որովհետև, հասկանում եք, ես չեմ կարող անգիր իմանալ, որ Լուսառատը Արտաշատն է, կամ … Մի խոսքով, իսկապես դրա համար կան մասնագետներ: Յուրաքանչյուր մասնագետ պետք է պատշաճ, մեծ պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքը, հատկապես այդպիսի հնագիտական ահռելի շերտ ու ահռելի տարածք ունեցող համայնքում»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Նա ասաց, որ հիմա իրավական ճանապարհներ են փնտրում, թե ինչպես կարող են տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն ուղարկած իրենց կարծիքը չեղարկել. «Սխալը, ըստ էության, նախարարության կողմից է գնացել, մենք պետք է դա շտկենք»:
«Այնտեղ դեռ որևէ շինաշխատանք չի սկսվել, այդ հողը օտարված չէ, մեծ մասը պետական հողեր են, մի փոքրիկ մաս համայնքինը, որը դուրս է մնացել ընդհանուր գոտուց: Այնտեղ այս պահին որևէ բան չի կարող կատարվել, որևէ գործարք չկա: Այդ հողը, իբրև թե, դեռ նշանակությունն է փոխել»,- նշեց Ն. Խաչատուրյանը:
Նա նշեց, որ հետամուտ են լինելու, մինչև վերջ գնալու են, որպեսզի հնագետների, կադաստրի, ՊՈԱԿ-ի, Հնագիտության ինստիտուտի աշխատողների հետ միասին նոր քարտեզագրում արվի:
«2020 թվականի մեր ծրագրում կա Արտաշատին արգելոց-թանգարանի կարգավիճակ տալը, հիմա այդ գործընթացը կարագացնենք, դրա համար մեզ պետք են նոր գծագրեր»,- նշեց փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու
- Ճարտարապետ. Հուշարձանների վերականգնման մշակութային քաղաքականությունը երկրորդական պլան է մղված
- Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են
- Ով լինի Մշակույթի նախարարություն, ումից սպասի նախաձեռնող քաղաքականություն
- «Տեր կանգնենք Քարահունջին». ԱԺ-ն թքած ունի մեր իսկ մշակութային և պատմական կոթողների վրա
- Ինչ արժե մշակույթի նախարարության կողմից ժողովրդի «աչք բացելը»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
- ՀՀ-ում 416 հուշարձան առավել վտանգված է
- Կստեղծվեն նոր պատմամշակութային արգելոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները