Տիգրան Ջրբաշյան. Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի կարող ընդմիշտ գործել
«Ոչ թե հիմքեր չի տալիս, այլ այն որոշակիությունը չի ձևավորել դեռ տնտեսության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ ներկա տնտեսական քաղաքականությունը ՓՄՁ համար այնքան էլ հիմքեր չի տալիս, որ իրենց գործունությունը սկսեն կամ իրականացնեն:
Նրա խոսքով, ցանկացած ձեռնարկատիրություն ենթադրում է ռիսկ, մարդիկ պատրաստ չեն այդ ռիսկը վերցնել կամ այն չափով վերցնել, դրա համար ավելի շատ գործող ձեռնարկությունները հիմնական ներդրումներն իրականացնում են ապրանքային պաշարների ձևավորման տեսակետից, ոչ թե ընդլայնման, նոր տոխնոլոգիաների, ինովացիաների վրա:
Հարցին, թե այսօր կառավարությունն ասում է, որ տնտեսության զարգացմանը խանգարում է դատաիրավական վիճակը, դատաիրավական բարեփոխումներից, ՍԴ կազմի փոփոխությունից հետո տնտեսությունն ավելի լավ վիճակում կհայտնվի, դուք է՞լ տեսնում եք կապ, Տ.Ջրբաշյանը պատասխանեց. «Ինստիտուցիոնալ տնտեսագիտությունը ենթադրում է, որ պայմանագրերի կատարումն ու սեփականության պաշպանությունը ֆունդամենտալ կարևոր էլեմենտներից են, որը ստեղծում է տնտեսական իրավիճակ, կանխատեսելիություն: Հիմա երբ որ մենք հասկանում ենք, որ պայմանագրերի կատարման ու սեփականության պաշտպանության գործում շատ կարևոր են դատական մարմինները, քանի որ դատարաններում են պայմանագրերի իրականացումը կամ սեփականության պաշտպանությունն ապահովում, իհարկե, դատական համակարգի բարվոք վիճակն ու արդյունավետ աշխատանքը միանշանակ նպաստում է տնտեսական որոշակիությանը, տնտեսական հստակեցմանը: Վստահ չեմ, որ այդ ամբողջ շղթան միայն Սահմանադրական դատարանից է կախված: Կարծում եմ՝ ավելի խորքային դատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, որ ապահովեն այդ երկու ֆունդամենտալ բաղադրիչների էֆեկտիվ իրականացումը Հայաստանում»:
Լրագրողի հարցին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրված, ինչքանո՞վ կարող է օգնել կամ խանգարել ՓՄՁ-ների գործունեությանը կամ առհասարակ ներդրումներին, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը պատասխանեց. «Կարծում եմ՝ իր մեջ պարունակում է անցումային արդարադատության որոշակի մաս: Կարևոր է, որ լինի սահմանափակված ժամանակով: Իհարկե, այդ օրենքը չի ենթադրում տնտեսության մեջ որոշակիության ավելացում, բայց մյուս կողմից փորձում է լուծել արդարության խնդիրը հասարակության մեջ: Հետևապես, այստեղ կարելի է ժամանակավորապես զիջել որոշակիությունը հանուն արդարության, բայց լինի որոշակի ժամանակով սահմանափակված, որից հետո պետք է մտնենք նորմալ իրավական և տնտեսական դաշտի ոլորտ: Ընդմիշտ այդ օրենքը չի կարող գործել, դա շատ վտանգավոր է»:
Նշենք, որ այսօր Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց «Ամերիա» ՓԲ ընկերության կողմից իրականացված Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան