Կոտայքի մարզպետը հաջողված մասերն է կրկնում
«2019 թվականը Կոտայքի մարզում կարելի է բնութագրել որպես մանկապարտեզաշինության տարի, քանի որ կառավարության և սուբվենցիոն ծրագրերով մարզում կառուցվել ու այս պահին էլ կառուցվում է 10 մանկապարտեզ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և հավելեց, որ դրա արդյունքում 1500 երեխայի համար ապահովվել է նախադպրոցական կրթության հասանելիություն և այն կունենա նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ համայնքի բյուջեներով կֆինանսավորվի հավելյալ 200 աշխատատեղ։
Մարզպետը հայտնեց, որ պետական բյուջեից համաֆինանսավորման համար մարզի 38 համայնքից ներկայացվել էր 73 ծրագիր։ Տեխնիկական խնդիրների և ֆինանսական միջոցների սղության պատճառով կառավարությունում հաստատվել է 54-ը, բայց վերջիններից 3-ը ևս չեղարկվել է։
«2019 թվականին Կոտայքի մարզում իրականացվել և ընթացքի մեջ է գտնվում 51 սուբվենցիոն ծրագիր՝ ավելի քան 2 մլրդ դրամ բյուջեով, որից 1 մլրդ 40 միլիոնը՝ համայնքների մասնաբաժինն է։ 8 ծրագիր տեղափոխել ենք 2020 թվական՝ շինարարական աշխատանքների երկարելու պատճառով»,- հայտնեց մարզպետը։
Նա կրկին անդրադարձավ մանակապարտեզաշինությանը.«Նախորդ տարի հիմնվել է ևս երկու մոբիլ մանկապարտեզ և երկու նախակրթարան։ Բյուրեղավան և Նուռնուս համայնքներում հասարակական կազմակերպություների հետ 30 երեխայի համար հիմնել ենք մոբիլ մանկապարտեզ։ ԿԳՍՄ նախարարությունը ևս երկու մանկապարտեզ է հիմնել, որոնք դպրոցների մասնաշենքերում են գործում։ Այսինքն՝ 14 մանկապարտեզի ծրագրեր ենք իրականացրել»։