Փոխնախարար. Ավելի շատ թիրախավորում ենք ոչ թե ՓՄՁ-ների քանակով աճելը, այլ իրենց որակական աճը
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում նկատվող սպասողական վիճակը, էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի կարծիքով, այս տարվա ընթացքում կկարողանան ամբողջովին փարատել և ուղղորդել դեպի ներդրումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Նշենք, որ «Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտության շնորհանդեսին «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ ՓՄՁ-ների սպասումներն այս տարվա համար ընդհանուր առմամբ դրական են, բայց շատ զգուշավոր. «Դրանով է պայմանավորված, որ ընկերությունների հիմնական ներդրումներն այսօր հոսում են դեպի պահեստի ձևավորում, այլ ոչ կապիտալ ներդրումներ՝ ուղղված դեպի զարգացմանը»:
Ն. Մարգարյանի խոսքով, իրենք իրենց աջակցությամբ, իրազեկման ծրագրերով, միջավայրի փոփոխություններով, որոնք նախատեսում են անել, այս սպասողական վիճակը կփարատեն: Նա նշեց, որ կառավարոթյունն արդեն քննարկում է ՓՄՁ-ների զարգացման ռազմավարության հնգամյա ծրագիրը, կարծում է՝ շուտով կհաստատվի:
«Այնտեղ կա համապարփակ միջոցառումների ցանկ, որոնք ուղղված են ֆինանսական ռեսուրսների, շուկաների հասանելիությանը, կարողությունների զարգացմանը, ստեղծելով այդ ամեն ինչի համար անհրաժեշտ միջավայր՝ օրենսդրական, ենթակառուցվածքային, որտեղ կարող են արդյունավետ աշխատել ու գործել»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ ծրագրի իրականացման դեպքում ակնկալում են տարեկան 6 տոկոս արտադրողականության աճ. այսօր մոտավորապես մեկ աշխատակցի առումով մոտ 8 միլիոն դրամ է արտադրողականությունը, ակնկալում են հնգամյա պլանի արդյունքում հասնել12 միլիոն դրամի:
«Այստեղ ավելի շատ թիրախավորում ենք ոչ թե ՓՄՁ-ների քանակով աճելը, այլ իրենց որակական աճը, որն արտացոլելու է իրենց արդյունավետության ցուցանիշներում»,- ընդգծեց Ն.Մարգարյանը:
Նա նշեց, որ յուրաքնաչայուր թիրախային խմբի համար ունեն հենց այդ խմբին ուղղված գործիքակազմ, մշակում ենք նաև լրացուցիչ գործիքակազմ:
«Այն խմբի համար, որը գումարի կարիք ունեն, տարբեր ֆինանսական գործիքներ են գործարկելու հասանելությունը բարձրացնելու համար՝ և պետական աջակցության ծրագրեր երաշխավորությունների, և հնարավոր է դրամաշնորհների, սուբիդավորման տեսքով: Արտահանման խոչընդոտներ ունեցող կազմակերպությունների համար արտահանման խթանման միջոցառումներ ենք նախատեսում»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է «Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրած Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտությանը, նրա գնահատմամբ, հետաքրքիր է, այն ցույց է տալիս, թե փոքր ու միջին ձեռնարկություններն ինչ ակնկալիքներ ունեն:
«Շատ բան կարող ենք իմանալ, մեր գործողություններում ուղղորդիչ կարող է լինել այդ հետազոտությունը, օրինակ, եթե ինչ- որ փոփոխություն ենք անում, բայց դա դեռ կարծիքների ու ակնալիքների մեջ չի արձանագրվել, նշանակում է, որ ինֆորմացիան ՓՄՁ չի հասել, շատ լավ ազդակ է մեզ համար աշխատել իրազեկման ուղղությամբ»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ջրբաշյան. Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի կարող ընդմիշտ գործել
- «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը՝ ՓՄՁ ոլորտի ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների մասին
- Էկոնոմիկայի փոխնախարար. ՓՄՁ զարգացնելու համար պետք չէ նոր բան հնարել, այլ նայել այլ երկրների անցած ճանապարհը