Վրաստանում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն չի բացառում, որ Վրաստանում կավելանան կորոնավարակի դեպքերը:
Կորոնավարակի կառավարման համակարգող հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո նա հայտարարել է, որ երկրում այս պահին գրանցված է նոր կորոնավարակի 15 դեպք, չնայած, ըստ նրա, այդ թիվը կավելանա, քանզի Վրաստանը աշխարհի մասն է, իսկ աշխարհում, Չինաստանի սահմաններից դուրս վարակված է մոտ 24 000 մարդ, այդ թվում 7 հազար մարդ Հարավային Կորեայում: Այդ ցուցանիշը բարձր է նաև Իրանում և Իտալիայում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ամիրան Գամղրելիձեն անդրադարձել է Եվրոպայում դեպքերի թվի ավելացման վրա, մասնավորապես Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 500-ը:
Ըստ նրա, պատրաստվածության ռեժիմը պետք է ուժեղացվի բոլոր վայրերում, այդ թվում պետք է նվազագույնի հասցվեն բարձր ռիսկային երկրներից անձանց մուտքը Վրաստան: