«Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի հետևից»
«Մենք՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, հաճախ մոլորվում ենք և չգիտենք՝ ինչ ասել է հավատ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմին։
Դերասանուհու խոսքով, այս իրապատում ֆիլմում փորձ է արվել ցույց տալ անհնարինը, ինչը տեսանելի չէ։
«Մենք փորձում ենք ցույց տալ հրաշքը, հավատքի ուժով բժշկությունը, այն վկայությունները, որ կան յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Շատ կան նման պատմություններ, որոնք մենք ամաչում ենք պատմել։ Իսկ ժամանակակից աշխարհում, երբ շատ են գործիքները, մենք մտածեցինք՝ ինչու ցույց չտալ այն ամենը, ինչ մենք պատմում ենք տներում՝ սեղանի շուրջ։ Մենք փորձում ենք օգտագործել այն ժամանակակից գործիքները, որոնք տեսանելի են դարձնում շատ կարևոր արժեքներ»,- ասաց Հովհաննիսյանը։
Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի խոսքով, իրապատում ֆիլմը վերածվելու է շարքի, որը հեռուստատեսության համար չէ։
«Մենք սա անում ենք՝ որպես օնլայն յութուբ պրոյեկտ։ Սա ամբողջովին արվում է միայն օնլայն հարթակում ներկայացնելու համար։ Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի հետևից։ Հավատքի ուժով և սիրով ստեղծված ֆիլմ է։ Այս ֆիլմը պատմում է Նազենի Հովհաննիսյանի որոնումների, բացահայտումների մասին, թե ինչպես կարելի է գտնել ժամանակակից Հայ առաքելական եկեղեցու հետևորդին, որը խավարամիտ չէ, որն ուսյալ է, առաջադեմ է և հավատում է հրաշքներին»,- ասաց Քեշիշյանը։
Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց՝ իրապատում է ներկայացվում, քանի որ շատ հետաքրքիր է ներկայացնել մարդկանց պատմությունը.
«Սա սովորական քրիստոնյայի պատմություն է, որն անցնում է իր ճանապարհը, որպեսզի գտնի ինքն իրեն։ Մենք ծնված օրվանից փնտրում ենք մեզ։ Եվ ինչու չպատմել լավի, գեղեցիկի մասին։ Այս դեպքում մենք որոշել ենք աշխատել հանուն լավը ներկայացնելու, ոչ թե ընդդեմ լավի»։
«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն էլ նշեց, որ հրաշք կա եկեղեցուց ներս, ինչը տեսնելու համար անհրաժեշտ է աչք ունենալ. «Մենք գնում ենք կատարված հրաշքների պատմությունների հետևից, բացահայտում ենք մարդկանց, ովքեր ապրում են իրենց կյանքի պատմությունը, մարդիկ, որոնց կյանքը փոխվել է հավատի միջոցով»։
Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ներկայացվելու է 12 իրապատում, որոնցից մի քանիսը նկարահանվելու է Հայաստանի սահմաններից դուրս։ Նրա խոսքով, իրենք շրջում են Հայաստանի մարզերում, որպեսզի գտնեն հետաքրքիր պատմություններ. «Մենք այս ֆիլմում ուզում ենք ներառել բոլորին՝ կիրթ բժշկից անկիրթ գյուղացի, հավատավորից աթեիստ։ Էստեղ էական չէ կրթական ցենզը, այն պատմում է սովորական մարդու կյանքի մասին։ Այստեղ ինչ ներկայացվում է, իրականություն է, այլ ոչ հորինվածք։ Այստեղ չկան մտացածին բաներ»։
Դերասանուհին շեշտեց, որ իրապատումների ներկայացման լեզուն հայերենն է, եթե անհրաժեշտություն լինի, ֆիլմերը կթարգմանվեն նաև օտար լեզուներով։
«Նկարահանումների ժամանակ մենք շատ ենք դիմել հոգևորականների, որպեսզի մեզ ներկայացնեն՝ ինչ է նշանակում այսինչ բանը, բայց, սա աշխարհիկի պատմություն է»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։
Հավելեք, որ նկարահանումներն իրականացվել են «Աստվածամոր տուն» հիմնադրամի ֆինանսավորմամբ «HK porductions» ընկերությունը կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա