Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի զոհերի հիշատակին
Մարտի 11-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել 2011 թ Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 2012 թվականին` ի նշան ճապոնացիների նկատմամբ համամարդկային վերաբերմունքի և գնահատանքի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԻ նախարարը, վկայակոչելով աղետի հետևանքով զոհվածներին, համոզմունք է հայտնել, որ մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար, և փոխադարձ կարեկցանքը մտերմացրել է մեզ:
Ճապոնացիների պատվին տեղադրված խաչքարը մի սրբավայր դարձած պուրակում է, որտեղ կոթողներ են կառուցված Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվածների և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հայերս ճակատագրի և հավատամքի բերումով շատ զգայուն ենք տանում դիմացինի ցավը և պատրաստ ենք կարեցածի առավելագույնն անել այն սփոփելու համար:
Լոռու մարզպետը, հիշատակելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, շատ բնական է համարում, որ խաչքարը տեղադրվել է Սպիտակում: Նա, հարգանքի տուրք մատուցելով 2011 թ. Ճապոնիայի զոհերի հիշատակին, նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը Լոռու մարզին ցուցաբերած զգալի օժանդակության համար:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան խորին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը, Հայոց Առաքելական Եկեղեցուն 2011 թ. երկրաշարժից հետո Ճապոնիայի ժողովրդին բազմակողմանի և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ կարեկցանք է հայտնել 1988 թ.-ի Սպիտակի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրել է, որ ճապոնացիները 2011 թ.-ից հետո, ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, բայց այս տարի կորոնավիրուսով պայմանավորված Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել, և միակը Սպիտակում անցկացվող ցավակցական միջոցառումն է:
Ջուն Յամադան հավաստիացրել է, որ ճապոնացիները երբեք չեն մոռանա երախտագետ հայ ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան