«Կնոջական ցնորք իմ, Նավզիկե». Ցուցահանդես՝ Չարենցի տուն-թանգարանում
Հայտնի գրող Եղիշե Չարենցը սիրել է կանանց, կանայք էլ սիրել են նրան: Նրա միակ ու անփոխարինելի սերը եղել է Արփենիկ Չարենցը:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է, որ Արփենիկն ուղենիշ եղավ Չարենցի բոլոր գրվածքների:
«Ցավոք սրտի, երկար չապրեցին իրար հետ, բայց դա այն սերն էր, որը հիմք հանդիսացավ Չարենցի համար, երևի թե Արփենիկով տեսավ բոլոր կանանց: Նրան սիրեց մինչև կյանքի վերջ: Դա ակնհայտ է և իր ստեղծագորոծություններում, և թողած հուշերում... անընդհատ Արփենիկն է: Արփենիկն էլ իրականության մեջ բավականին խելացի ու հետաքրքիր կին էր, երևի իր ժամանակից շատ առաջ անցած: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ Չարենցը նկատել էր Արփենիկին՝ նրա խելքի, կյանքի նկատմամբ վերաբերմունքի համար:
Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ Չարենցն ապրել է 1921-1927 թվականներին: Արփենիկը շուտ է մահացել՝ ուշացած վիրահատության պատճառով:
Չարենցի տուն-թանգարանում այսօր բացվեց «Կնոջական ցնորք իմ, Նավզիկե» ցուցահանդեսը՝ նվիրված կանանց մեկամսյակին: Ցուցահանդեսում ներկայացված են միայն կանանց աշխատանքներ:
Չարենցի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի պետ Նանե Բաղդասարյանի խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժանրերի աշխատանքներ՝ քանդակագործություն, աստեղնագործություն, կտավներ, լուսանկարների շարք: Ներկայացված են և պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքներ, և սիրողական մակարդակում արված գործեր:
«Ցուցահանդեսի համար ընտրել ենք Չարենցի հայտնի ստեղծագործությունից մի տող՝ «Կնոջական ցնորք իմ, Նավզիկե»: Քանի որ ցուցադրությունը նվիրված է կանանց, ընտրեցինք սիմվոլիկ խորագիր: Նավզիկեն գոյությունի ունի ցանկացած կնոջ մեջ, այս ցուցահանդեսի հավաքական կերպարն է»,- ասաց Նանե Բաղդասարյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Սիլվա Հովակիմյանի աշխատանքները: Նա անգլերենի մասնագետ է, թարգմանչուհի, զբաղվում է նաև նկարչությամբ, ունի ջրաներկով, ակրիլով արված աշխատանքներ: Սակայն վերջին շրջանում նա աշխատանքներ է ստեղծում ծաղկաթերթիկներից: Ցուցահանդեսում ներկայացված են հենց ծաղկաթերթիկներով արված փոքրադիր գործերը:
«Երբեք թարմ ծաղիկները չեմ չորացնում: Երբ սկսում են թոշնել, նոր գրքերի մեջ չորացնում եմ: Չորանալուց հետո արդեն սկսում եմ ձևավորել թղթի վրա: Երբեմն թղթի վրա ակրիլով աշխատում եմ, հետո եմ ծաղկաթերթիկներն ամրացնում: Սա անում եմ՝ ծաղիկներին երկրորդ կյանք պարգևելու համար»,- ասաց Սիլվա Հովակիմյանը:
Մեկ գործի վրա մեկ-երկու օր է աշխատում. առաջին օրը ստեղծում է պատկերը, երկրորդ օրն ամրացնում: Նրա խոսքով, ոսկերչական զգուշություն է պետք չոր ծաղկաթերթիկների հետ աշխատելիս:
Ս.Հովակիմյանը մասնակցել է նաև այլ ցուցահանդեսների: Երբեք չի մտածել գործերը վաճառելու մասին: Առաջարկներ եղել են, սակայն հրաժարվել է բաժանվել ծաղկաթերթիկներով արված իր նկարներից:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը:
Հարակից հրապարակումներ`
- Չարենցն ու Կոմիտասը
- Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան
- Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը վերահրատարակվել է
- Կարո Փայլանը Չարենցի տան քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին