Վաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվել է Տաթևի մանրակերտը և 15-16-րդ դդ. հայկական խաչքարի կրկնօրինակը
Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում մարտի 7-ին առաջին անգամ ցուցադրվել է Տաթևի վանական համալիրի մանրակերտը և Տաթևի թանգարանային հատվածում գտնվող 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը: Ցուցանմուշները թանգարանին նվիրաբերել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ՝ «ՏաԹևեր» ճոպանողու կառուցման և «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկի 10-ամյակին ընդառաջ:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի 9-րդ դարի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը հանդիսացող Տաթևի վանական համալիրի վերականգնումը: Մշակութային ժառանգության պահպանումը IDeA հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է, որի մասին են վկայում հիմնադրամի 150-ից ավելի ծրագրերը՝ միտված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը Հայաստանում և հայկական աշխարհում:
Նվիրաբերված գործերը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում Տաթևի վանական համալիրը ներկայացնող մշտական ցուցանմուշներ։ Դրանք ներկայացված են լինելու նաև ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը» խորագրով մեծ ցուցահանդեսին՝ 2021 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. մարտ ամիսը: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր:
«Տաթևի վանական համալիրն ունենալու է առանձնահատուկ դեր ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը» խորագրով ցուցահանդեսին: Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն և ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթև: Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի և Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի և սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ: Այն կլինի նաև մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին և կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել արտերկրում»,- ասել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համադրող Ջեֆրի Քլոհան:
Այցելուները կծանոթանան հայերեն Աստվածաշնչին, հայ եկեղեցու պատմությանը, ծիսակատարություններին և պատարագին, հայոց լեզվին և այբուբենին, հայ եկեղեցական արվեստին և մշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանության, հայերի ազգային ինքնության վերականգնման և վերածննդի պատմությանը՝ անբաժանելիորեն կապված Աստվածաշնչի հետ:
Ցուցահանդեսը կանդրադառնա նաև աստվածաշնչյան թեմաներից մեկին՝ «Ջրհեղեղից հետո. մարդկությանը տրված երկրորդ հնարավորությանը» և Նոյյան տապանի պատմությանը բիբլիական Արարատ լեռան վրա:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallengе համաշխարհային շարժման հիմքում նույնպես Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, #AraratChallenge նախաձեռնությունը կոչ է անում համատեղ ջանքերով այսօր էլ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Վաշինգտոնում կայանալիք ցուցահանդեսը ներկայացնելու է հայերին, աշխարհին և ամբողջ մարդկությանը տրված երկրորդ հնարավորության խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան