Իլհամ Ալիևի քարտեզագրական վախերը
Մի քանի օր առաջ Ադրբեջանի Թովուզ քաղաքի տեղական թանգարանում տեսած քարտեզը, որի վրա նախագահ Ալիևը չէր կարողացել գտնել «իր պատմական հայրենիքը», երևում է ծանր հետք է թողել նրա վրա։ Այսպես, մարտի 10-ին կայացած Ադրբեջանի 6-րդ գումարման խորհրդարանի՝ Միլի մեջլիսի առաջին նիստին ունեցած ծավալուն բացման ելույթի ընթացքում նախագահ Ալիևը, ի թիվս այլի, խոսել է հայերի «պատմական կեղծարարության» և քարտեզների մասին։
«Բավական է նայել 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում հրատարկված քարտեզներին, որպեսզի համոզվել, որ Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «պատմական արդարությունն» իրենց կողմն է, իսկ հայերը չունեն լուրջ փաստարկներ և զբաղված են կեղծարարությումբ և որոշ քաղաքական գործիչների կաշառելով։
Նա կրկին խոսել է 1805թ. Իբրահիմ խանի և ռուսական գեներալ Ցիցիանովի կողմից ստորագրված Քյուրեկչայի պայմանագրի մասին, և շեշտել, որ դրանում հայերի մասին նշում չկա։ Չկա նշում նաև Ադրբեջանի մասին, և ընդհանրապես որևէ պատմական փաստաթղթում մինչև 20-րդ դարի սկիզբը այսօրվա Ադրբեջանի մասին ոչ մի հղում չկա, ինչում Ալիևը անձամբ համոզվել էր Թովուզի թանգարանում։ Այդ է նաև պատճառը, որ նա հղում է անում 20-րդ դարի քարտեզներին։
Ընդհանրապես անհասկանալի ու անհեթեթ կթվար Իլհամ Ալիևի մոլուցքը Արցախի հարցի պատմական ասպեկտների շահարկումը, եթե չլիներ «ցանկալին իրականության տեղը ներկայացնելու» խիստ ընդգծված միտումը, որը կա ադրբեջանական պրոպագանդայում և անձամբ Ալիևի հրապարակային ուղերձներում։ Պարզ չէ, թե ինչքանով է Իլհամ Ալիևը հավատում իր իսկ ասածներին, բայց մարտի 10-ի նրա նույն այդ ելույթում ցցուն կերպով արտացոլված է այդ մտայնությունը։
Այսպես, նա խոսում է Ադրբեջանում ժողովրդվարության կայացման, հաջողված ու ազատ խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի կամքի մասին, իսկ իրականությունը լրիվ այլ է, որի մասին փաստում են բոլոր լուրջ միջազգային կառույցներն ու զեկույցները։ Ալիևը խոսում է լայնածավալ բարեփոխումների ու նորընտիր խորհրդարանի դերի բարձրացման մասին, բայց ելույթը մեծապես ուղիղ հանձնարարականներ էր պարունակում պատգամավորների առաջիկա գործունեության մասին։ Նա դժգոհություն է հայտնում, որ տեղերում գործադիր իշխանության ներկայացուցիչներին դեռևս ընդունում են որպես խանի, բայց մոռանում է իր և հայր Ալիևի անձի պաշտամունքի մասին։ Վերջինիս վառ վկայությունն է նաև նույն այդ նիստի բացմանը Միլի մեջլիսի աշխատակազմի ղեկավարի խոսքերն ուղղված Իլհամ Ալիևին՝ «խորը երախտագիտություն ենք հայտնում ձեզ՝ անկախ Ադրբեջանի պետության հիմնադիր, մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից սահմանված զարգացման ռազմավարության ստեղծագործ շարունակականության համար…»:
Ալիևը խոսում է միջկրոնական երկխոսության մասին, հպարտանում, որ Հռոմի պապը բարձր է գնահատում Ադրբեջանի ձեռբերումներն այս ոլորտում, բայց նույն ելույթի մեկ այլ հատվածում պատգամվորներին կոչ է անում հայերի հետ պայքարում կիրառել մուսուլմանական համերաշխության խաղաքարտը։
Մի խոսքով, կեղծիքն ու երեսպաշտությունը ամենուր է Ադրբեջանական իշխանական կուլուարներում։ Բոլոր ոլորտներում է Իլհամ Ալիևը հենվում փաստերի ու իրողությունների խեղաթյուրման վրա, ինչը բնորոշ է տոտալիտար ռեժիմներին։ Իսկ ընթացիկ զարգացումներն Ադրբեջանում հետապնդում են մեկ նպատակ՝ վերևից իրականացվող, սահմանափակ բարեփոխումների միջոցով վերահսկելի պահել հասարակական հուզումները։
Ինչքան էլ, որ Իլհամ Ալիևը փորձի ներկայանալ «լուսավորյալ միապետ» կամ «ժողովրդական ցարի» դերում, նա մնում է շարքային բռնակալ, ով լուրջ խնդիրներ ունի հին քարտեզների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին