Երիտասարդ բարիտոն. Սա մեզ համար նաև լավ փորձառություն է
Մարտի 19-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ‚ որտեղ կայանալիք երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի մենակատարներ Էլեն Եղիազարյանը (սոպրանո)‚ Տիգրան Հակոբանը (տենոր) և Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։
Նավասարդ Հակոբյանը Երևանի պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող է։
Երիտասարդ բարիտոնը նշում է‚ որ աննկարագրելի զգացումներ ունի‚ հաճելի սպասումներ համերգից‚ քանի որ նույն երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու Հասմիկ Պապյանի հետ‚ մի երգչուհի‚ որ երգել է աշխարհի լավագույն բեմերում՝ իր կատարումներով հմայելով ամենախստապահանջ ունկնդրին։
«Սա մեզ համար նաև լավ փորձառություն է։ Վաստակաշատ‚ մեծանուն երգչուհու հետ աշխատելը‚ փորձերին միմյանց հետ շփվելը‚ նույն համերգին ելույթ ունենալն ուսանելի է ու մեծ փորձ է հաղորդում»‚- ասում է Նավասարդ Հակոբյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ մարտի 19-ի համերգին երիտասարդ երգիչը ներկայացնելու է Ռոբերտի արիան Չոյկովսկու «Իոլանտա» օպերայից‚ կատարելու է զուգերգ երիտասարդ սոպրանո Էլեն Եղիազարյանի հետ‚ ինչպես նաև՝ Պիերոյի արիան ավստրիացի կոմպոզիտոր Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի «Մահացածների քաղաքը» օպերայից։
Նավասարդ Հակոբյանը նշում է‚ որ ապագայի շատ ծրագրեր ունի‚ որոնք կապված են մասնագիտական գործունեության‚ երկացանկի ընդլայնման հետ։ Այս ընթացքում պատրաստում է նաև Ժերմոնի դերերգը՝ օպերային թատրոնում ներկայացնելու համար։
Նավասարդ Հակոբյանը հրավիրում է երաժշտասերներին ներկա գտնվելու առաջիկա համերգին‚ որի ընթացքում հնչելու են արիաներ և դուետներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից։ Ելույթ կունենան նաև մենակատարներ Արմինե Վարդանյանը (սոպրանո) և Նարեկ Քոչինյանը (բաս)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա