Ավինյան. մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձածները 14 օր կարանտինում կլինեն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, փոխվարչապետը մասնավորապես ասել է.
«Ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին:
Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան ու կկայացնենք որոշումներ:
Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել և դա ֆիզիկապես անհնար է:
Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, այդ քննարկումը այսօր այստեղ պետք է տեղի ունենա ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»:
Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:
Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր 51 մեկուսացվածի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
- ԿԲ. Կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով
- Թորոսյան. Մեկուսացված է 57 անձ
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան