Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ քննարկել է հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները:
Պետական նախարարը հետաքրքրվել է վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքից, նյութական և տեխնիկական սպասարկման միջոցների համալրման աստիճանից:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Ա. Բաղրյանի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ առ այսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
«Մինչ այսօր շուրջ 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են: Տեղեկացնեմ նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ՝ մշտապես կապի մեջ լինելով ՀՀ գործընկերների հետ: Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են թե՛ միանվագ օգտագործման պարագաներով, և թե՛ ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով: ԱՀ երկու անցակետներ ևս համալրված են լազերային հեռահար ջերմաչափերով»,- իր խոսքում նշել է առողջապահության նախարարը:
Պետական նախարարը նշել է, որ ավելի վաղ կառավարությունը տեղական երկու ընկերության հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, աառողջապահության նախարարի գնահատմամբ, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին և բաշխվածության ցուցակներով տրամադրվում են լրացուցիչ օգտագործման համար:
Խոսելով հանրապետությունում սուր շնչառական վարակների մասին՝ Ա. Բաղրյանը փաստել է, որ հանրապետության բոլոր բուժհիմանրկներում վերոհիշյալ հիվանդների դիմելիության աստիճանը նվազել է, որը նկատելի է նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում:
Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ քաղաքացիներին հորդորելով խուսափել արտասահմանյան այցելություններից, գործուղումներից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան