Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ նախորդ մեկ օրում գրանցվել է 95 հրդեհի դեպք
Այսօրվա կառավարության նիստում արտահերթ ձայնի իրավունք խնդրեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և հայտնեց, որ վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է։
Տեղեկացնելով, որ արդեն մի տեղից մյուսը գնալու և հրդեհները հանգցնելու հետ կապված ԱԻՆ աշխատակիցների համար դժվարություններ են առաջանում՝ նախարարը խնդրեց տարածքային կառավարման մարմիններին լրջորեն զբաղվել այդ խնդրով.
«Գյուղացիները իրենց հողի և այգիների բուսական մնացուկը, տերևները և այլն հավաքում ու այրում են։ Այրելուց հետո չեն կարողանում հետևել դրան և կրակը տարածվում է։ Կրակի տարածման հիմնական աղբյուրը սա է։ Բացի այդ, մենք ունենք նաև այլ պատճառներ։ Ունենք նաև անտառային տարածքներում հրդեհներ, որոնք այս սեզոնին հատուկ չեն։ Օրինակ, երեկ ունեցել ենք 95 հրդեհ»։
«Համայնքների ղեկավարները պետք է հետևեն, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Նաև գյուղատնտեսական առումով պետք է բացատրվի՝ այրումն օգուտ տալիս է, թե ոչ։ Նույնիսկ օրենքով է արգելվում այրելը, բայց մարդիկ այրում են։ Այս տեսակետից մենք ընկել ենք անհարմար վիճակի մեջ»,- հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարարը։
Տիգրան Ավինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին առաջարկեց Ֆելիքս Ցոլակյանի հետ հստակեցնել և միջոցառումներ իրականացնել այդ ուղղությամբ՝ դրանցում ներգրավելով մարզպետարաններին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻ նախարար. Հրդեհները չեն պրծել
- «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»
- Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում. Փաշինյան