«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը վտանգավոր թերություններ է պարունակում
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում
Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը:
Միևնույն ժամանակ դեմ եմ լինելու այն նախագծերին, որոնք կարող են չարաշահումների, «զոհերին» ընտրելու կամայականության կամ ներդրումները վտանգելու հիմքեր ստեղծել:
Ցավոք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրինագիծ) վտանգավոր թերություններ է պարունակում:
Մի քանիսին փորձեմ անդրադառնալ:
Ինչպես գիտեք՝
- Օրինագիծը կիրառվելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ.
- դատարանը ղեկավարվելու է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածով.
- եթե իրավասու մարմինը դատարանում ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրավասու մարմնին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, ապա այդ գույքը բռնագանձվում է հօգուտ պետության.
- գույքը ենթակա է բռնագանձման, եթե գերազանցում է քսանհինգ միլիոն ՀՀ դրամը:
Օրինագիծը վտանգ է ներկայացնում բարեխիղճ գնորդների համար:
1. Օրինագծով «փոխկապակցված անձ» է հանդիսանում նաև ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք:
Ստացվում է, որ եթե անձը, օրինակ 2000 թվականին անշարժ գույք է ձեռք բերել նախկին պաշտոնյայից կամ նրա հետ փոխկապակցված անձից և ձեռքբերման արժեքը պայմանագրում էականորեն ցածր է նշվել, ապա նա համարվելու է փոխկապակցված անձ այդ նախկին պաշտոնյայի հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով:
2. Օրինագծով՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.
1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և
2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:
Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի անշարժ գույք է ձեռք բերել մի անձից (որը նախկին պաշտոնյա է կամ նրա հետ փոխկապակցված անձ), բայց չի իմացել կամ չէր կարող իմանալ այդ գույքի ապօրինի լինելու մասին, և եթե գույքի արժեքն ամբողջությամբ ճիշտ արտացոլվել է պայմանագրում, ապա միևնույն է, գնորդ քաղաքացին պետք է ապացուցի, որ իր կողմից վճարված գումարն օրինական է: Եթե չապացուցեց, ապա գույքը նրանից կբռնագանձվի:
Օրինագիծը նշում է նաև, որ բացառությամբ վերոհիշյալ անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ:
Ամփոփելով վերոգրյալը կարծում եմ, որ այս Օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում արտագնա աշխատանքում գտնվող մեր հայրենակիցները կամ որոշ ներդրողներ չեն կարողանալու ապացուցել իրենց գումարների ստացման օրինական աղբյուրները (90-ական թվականների համար գրեթե անհնար է լինելու ձեռք բերման աղբյուրի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը):
Լուրջ խնդիրներ են ունենալու նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք այդպիսի գույքերի գրավադրմամբ վարկեր են տրամադրել:
Օրինագծի մյուս թերություններին ապագայում կանդրադառնամ»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին