Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
«Այս պահին Էջմիածնում առկա շտապ օգնության մեքենաները չեն եկել որևէ ահազանգի կամ դեպքի առիթով, այլ ժամանել են, որպեսզի վարակակրի հետ սերտ շփում ունեցած անձանց և նրանց ընտանիքներին մեկուսացնեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նա նշեց, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում.
«Նրա վիճակն այս պահին ծանր չէ, նա լավ ինքնազգացողություն ունի, բայց գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»։
Էջմիածնի քաղաքապետն անդրադարձավ քաղաքացիների՝ դպրոցները փակելու պահանջին։ Նա նշեց, որ դպրոցները փակելու իրավասություն քաղաքապետարանը չունի, քանի որ հիմնական դպրոցները գնտվում են մարզպետարանների, իսկ ավագ դպրոցները՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ։
«Ինչ վերաբերում է համայնքապատկան կրթական հաստատություններին՝ սպորտդպրոց, երաժշտական դպրոց, նկարչական դպրոց և մանկապարտեզներ, ապա պետք է նշեմ, որ վաղ առավոտից բոլոր մանկապարտեզներն ապահովվել են ախտահանիչ նյութերով, սպիրտով, ալկոգելով, և երեխաների թաթիկները անընդհատ ախտահանվում են։ Տարածքներն անընդհատ մաքրվում են, դռների բռնակներն անընդհատ ախտահանվում են, մենք խիստ պահպանում ենք մաքրությունը։ Այդ պատճառով այս պահին մանկապարտեզները փակելուն հակված չենք։ Ամեն դեպքում կարծում եմ՝ այս պահին պետք է նաև մտածենք ծնողների մասին, ովքեր հնարավորություն չունեն երեխային տանը պահելու։ Եվ առհասարակ, այս պահին մենք չունենք նախարարի հրաման՝ կրթական հաստատությունները փակելու»,- ասաց Գասպարյանը։
Նա նշեց, որ այս պահին կարգադրություն է պատրաստվում, որպեսզի փակվի Էջմիածնի սպորտդպրոցը, քանի որ սպորտսմենները միմյանց հետ ֆիզիկական կոնտակտ շատ են ունենում, և այդ դեպքում բարդ կլինի ստերիլությունը և ախտահանման գործընթացը պատշաճ կազմակերպել։ Սպորտդպրոցը կփակվի դեռևս մեկ շաբաթով։
Գասպարյանը տեղեկացրեց, որ այսօր ունի քաղաքացիների ընդունելություն, որը չի պատրաստվում հետաձգել, պարզապես կպահպանվեն սանիտարահիգենիկ բոլոր նորմերը։
Հիշեցնենք, որ Հայաստանում երեկ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 3 դեպք։ Վարակվածներից մեկը Էջմիածնից է։
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից
- Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին