«Ժողովուրդ». Քաղաքապետի թիմակիցները Փաշինյանի հետ լծված են «Այո»-ի քարոզարշավի գործին, Մարությանը կարճատև արձակուրդ է մեկնել Չեխիա
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները և այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երևանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատև արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ:
Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը:
Պարզվեց` Կարապետյանը ևս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, և անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում