Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և քաղաքական բաղադրիչ
«Քաղաքական բանակցություններից առաջ Թուրքիան արհեստականորեն օրակարգը հարստացնում է այլ հարակից թեմաներով, որպեսզի բանկցությունների ժամանակ ունենա մանրևելու հնարավորություն բանակցողի համար զգայուն թեմաների շուրջ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Օրինակի համար նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոսկովյան հանդիպումից առաջ, որի բուն օրակարգը Իդլիբն էր, Թուրքիան օրակարգ է մտցրել Արցախի հարցը, հանդիպումից երկու օր առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ բացահայտ քաղաքական մեսիջ հղելով, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ և տարածաշրջանային խնդիրներով հետաքրքրված ուժ, իր մտահոգությունն է հայտնում այս հարցի շուրջ։
«Սա քաղաքական օրակարգն արհեստականորեն հարստացնելու փորձ էր, երբ բանակցություների ժամանակ բացի Իդլիբից, թուրք-ռուսական այլ խնդիրներից արցախյան հարցն անուղղակիորեն մտնում է քաղաքական օրակարգ»,- ընդգծեց թուրքագետը:
Նրա խոսքով, Թուրքիայի արտաքին քաղաքականության իմիջային երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարման շրջանում իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն՝ այդպես համարելով, որ լեգիտիմ իրավունք ունի մասնակցելու տարածաշրջանային տարբեր հակամարտությունների հանգուցալուծմանը, քննարկմանը, հարցերի որոշելու գործընթացում:
«Թուրքիան ընդգրկված է ոչ միայն Կիպրոսի, Էգեյան ծովի, Հունաստանի խնդիրների հետ կախված հարցերում, ընդգրկված է սիրիական հարցում, որոշակիորեն Իրաքի հետ կապված խնդիրներում: Թուրքիան այսօր ներկա է Լիբիայում, և, բնական է, որ ունի մեծ ցանկություն ընդգրկվելու նաև Արցախյան հարցում ևս։ Թուրքիան սկսած 1991 թվականից իրականացրել է քայլեր այս հարցում ընդգրկվելու համար, ընդ որում այդ ընդգրկումը կարող է ունենալ և ռազմական բաղադրիչ, և քաղաքական ու դիվանագիտական բաղադրիչ»,- ասաց Ռ.Մելքոնյանը:
Նրա խոսքով, Թուրքիան ապակառուցողական, կոնֆլիկտոգեն երկիր է, և նրա ընդգրկվածությունն այս հարցում Հայաստանի համար ունի ուղղակի անվտանգային կարևոր բաղադրիչ:
«Նրա գործունեությունը, գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգային խնդիրների հետ, այս հարցը պետք է լինի մասնագիտական կարևոր ուշադրության ներքո և այս հարցերում պոպուլիստական, ամբոխահաճո, հոխոռտանքներով լի մոտեցումները, ըստ էության, տեղ չունեն: Սա վերաբերում է լիովին այլ ոլորտին: Այս մոտեցումերը կարող են ունենալ կործանարար հետևանք»,- Ռուբեն Մելքոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Մարտահրավերները թողած՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է նեղ քաղաքական խնդրով
- Ռուս-թուրքական լարվածության ֆոնին Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է եղել
- Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը մեկնում է Ռուսաստան
- Սիրիացի զինվորական. «Իդլիբից ահաբեկիչներին հեռացնելու ռուս-թուրքական համաձայնություն չեղավ»
- Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
- «Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ ռազմավարական չեն, բայց այդ ուղղությամբ են շարժվում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան