Վարդան Ոսկանյան. Հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն հօգուտ Ադրբեջանի չի բխում Իրանի շահերից
«Մեզանում հաճախ անհանգստություն են առաջացնում իրանական կողմի դիրքորոշումներում պարբերաբար հնչող «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերալ հայտարարությունները»,-«Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նման հատարարությունը հասկանալու համար պետք է ունենալ երկու հենակետ՝ նախ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս. «Հետևաբար, երբ իրանական կողմը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա դեռ չի ենթադրում, թե նկատի ունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում։ Իրանը բազմազգ պետութուն է, որտեղ կան բազմաթիվ անջատողական շարժումներ։ Հետևաբար, իրանական իշխանությունները որևէ պարագայում չեն խոսելու ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, քանի որ կարող են բախվել «Հարավային Ադրբեջանի» խնդրի հետ, որը ենթադրում է Իրանի որոշակի մասի անջատում և հետագայում Ադրբեջանին միացում»:
Վ.Ոսկանյանի խոսքով, իրանական կողմը պաշտոնական մակարդակով երբևէ չի խոսի տարածքային ամբողջականությունից դուրս որևէ այլ սկզբունքի մասին, բայց այդ տարածքային ամբողջականությունը չի ենթադրում Ադրբեջանի պարագայում Արցախի ներգրավում այդ ամբողջականության շրջանակում:
Նա նշեց, որ իրանցիների համար ստեղծված ստատուս քվոն չափացանզ ձեռնտու է և հայ-իրանական սահմանը, որը բաղկացած է Հայաստան-Իրան սահանից և Արցախ-Իրան սահմանից, ներկա իր երկարությամբ բխում է նաև Իրանի պետական ու անվտանգային շահերից:
«Հետևաբար, իրանցիներն արցախյան հիմնախնդրի համատեքտում ունեն կայուն մի քանի սկզբունքներ: Նախ՝ սահմանների որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Որևէ փոփոխություն հօգուտ Ադրբեջանի չի բխում Իրանի շահերից: Իրանցիները արցախա-իրանական սահմանն ունենալով՝ լուծում են իրենց պետության կարևորագույն անվտանգային խնդիրը: Կարծում եմ՝ հայկական կողմն Իրանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի այս սկզբունքով, որ արցախա-իրանական սահմանը որքանով ապահովում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, գրեթե նույնքանով ապահովում է Իրանի հյուսիս-արևմուտքի անվտանգությունը, հետևաբար այստեղ մեր շահերը միանշանակորեն համընկնում են:
Երկրորդ կարևոր սկզբունքը, որով մշտապես առաջնորդվում են իրանցիները՝ որևէ երրորդ ուժի՝ լինի խաղաղապահ ուժ կամ այլ ձևաչափով, չհայտնվելն է արցախա-իրանական սահմանում: Հետևաբար, իրանցիների համար այս համատեքստում նույնպես չափազանց ձեռնտու է, որ սահմանային այդ հատվածը վերահսկվում է տեղական հայկական ուժերով: Կարծում եմ՝ մեզ համար էլ որևէ ավելի բարձր անվտանգության երաշխիք չի կարող լինել, քան հայ զինվորի ներկայությունն այդ սահմանում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքև հարվածել Ռուսաստանին
- Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընդգրկումն արցախյան հարցում կարող է ունենալ և ռազմական, և քաղաքական բաղադրիչ
- Անդրանիկ Թևանյան. Մարտահրավերները թողած՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է նեղ քաղաքական խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան