...Իսկ Փաշինյանը քարոզարշավ է անում Ջերմուկում
Սահմանադրությունների փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի համար արձակուրդ վերցրած Նիկոլ Փաշինյանը կնոջ, ԱԺ փոխնախագահի, ԱԺ պատգամավորների ու տարածքային կառավարման նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ Ջերմուկում հենց այս պահին հանրահավաք են անցկացնում։
Ելույթի ընթացքում Պապիկյանը մանրամասն բացատրեց, թե ինչ պետք է անեն մի վայրում հաշվառված, բայց մեկ այլ վայրում բնակվող քաղաքացիները հանրաքվեին մասնակցելու համար։ Մի քանի անգամ շեշտեց՝ կարևորում է դա, քանի որ յուրաքանչյուրի քվեն է շատ կարևոր։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ գոհունակություն հայտնեց, որ հանրահավաքի մասնակիցների թիվը ավելանում է, ասաց՝ խոսելու է հեղափոխության ձեռքբերումների ու խնդիրների մասին։
«Կարևոր ձեռքբերում է, որ Հայաստանում այլևս չի լինելու ընտրակեղծարարություն։ Բացառում եմ համակարգային կոռուպցիան։ Եվ երրորդ, որոշել ենք, որ ժողովրդավարությունը պետք է հաստատենք բացառապես ժողովրդավար ու իրավական մեթոդներով»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հավատում է ուս-ուսի, հետևողական պայքարով կարող են հասնել այն բանին, որ ունենան անկախ դատարաններ ու «ազատագրված Սահմանադրական դատարան»։
Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հեղափոխությունից հետո իրենց խնդիրը վստահելի ինստիտուտներ ստեղծելն է, ըստ նրա, ժողովուրդը վստահում է կառավարությանը, ԱԺ-ին, ժամանակն է՝ ստեղծել նաև վստահելի Սահմանդրական դատարան։
Նրա խոսքով, Ամուլսարի խնդիրն էլ վստահելի ինստիտուտների բացակայության հետևանք է։
«Ես ուզում եմ մի կարևոր ընդգծում անեմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Ուզում եմ, ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ։ Առնվազն այս փաստը հաշվի առնելով, կոչ եմ անում բոլորին, չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության ու կառավարության նկատմամբ։ Էդ մարդիկ, ովքեր ուզում են կորցնել հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց ու իրավիճակը հեղափոխությունից առաջ»,- մասնավորապես նշեց նա՝ ավելացնելով, որ այս խնդրում մինչև վերջ ու անմնացորդ գնալու են ճշմարտության հետևից, չվախենալ, ինչը հեշտ ճանապարհ չէ։
Ի դեպ, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հանրահավաքի ուղիղ հեռարձակման ներքո շատ օգտատերեր հորդորում են կառավարության ղեկավարին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում դադարեցնել հանրահավաքների ու բազմամամարդ միջոցառումների անցկացումը։
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց կորոնավիրուսով հիվանդացության երեք դեպքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
- Էդմոն Մարուքյան.Հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան