Հայկական արտադրության մսամթերքը վրացական շուկայում է
Մարտի 15-ին մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող հայկական խոշոր ընկերություններից մեկը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կբացի երկրորդ ֆիրմային խանութը՝ ներկայացնելով հայկական արտադրության մսամթերքի շուրջ 100 անուն ապրանքատեսակ:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Աթենքի» առաջին ֆիրմային խանութը բացվել է 2019 թվականի նոյեմբերին: Ժամանակի ընթացքում հայկական արտադրության մսամթերքը, շնորհիվ համի և որակի մեծ պահանջարկ է ստացել, և ընկերությունն ընդլայնել է արտահանման ծավալները: Նշում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Իրականում Հայաստանից դուրս ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ընկերության ֆիրմային խանութ ունենալը հայկական արտադրության ավանդույթների, մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է»,-նշել է ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:
Մինչև տարվա վերջ ընկերությունը պլանավորում է Վրաստանում ունենալ 7 ֆիրմային խանութ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը Վրաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում է և հարևան երկիր արտահանում է հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնց ցանկում է նաև հայկական արտադրության մսամթերքը: