«Ժողովուրդ». Շատ պաշտոնյաներ ահազանգում են, թե չեն կարողանալու և չեն հասցնելու պատշաճ ներկայացնել հայտարարագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում վերջապես հաստատվեց պաշտոնատար անձանց նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը:
Բանն այն է, որ մինչև մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը, իսկ հրապարակման ենթակա տվյալների ցանկը հաստատվեց միայն երեկ:
Ավելին, այս ընթացքում շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատական համակարգից, ահազանգում էին, թե այս ընթացքում չեն կարողանալու և չեն հասցնելու պատշաճ ներկայացնել հայտարարագիրը:
Ինչևէ, տեղեկացանք, որ ցանկը բաղկացած է 34 կետից, և կան բազմաթիվ տվյալներ, որոնք պետք է ներկայացվեն պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Օրինակ՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն ընտանիքի բոլոր անդամները, այլ նրա խնամակալության տակ գտնվող անձինք: Ոչ միայն փաստացի արձանագրվում են այդ օրվա դրությամբ ունեցած եկամուտներն ու գույքը, այլև գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսական հոսքերը, դրանց ծագման աղբյուրները: Դա ոչ միայն վերաբերում է պաշտոնատար անձին, այլև նրա ընտանիքի անդամներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում