Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
Հայաստանում արդեն պաշտոնապես հաստատվել է կորոնվիրուսով վարակման վեցերորդ դեպքը։ Պարզ չէ՝ առաջիկայում հիվանդությունն անկում կապրի՞, թե հակառակը՝ ավելի մեծ թափով կտարածվի։ Եվ ավելի մեծ հարց է՝ եթե հիվանդությունը տարածվի, հայաստանյան բուժհաստատությունները պատրաստ կլինե՞ն ընդունելու և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու վարակված քաղաքացիներին։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առայժմ սպասարկում են միայն «Նորք» ինֆեկցիոնում։ Սակայն, եթե վիրուսը սկսի մեծ տարածում գտնել, ապա վարակվածները կմեկուսացվեն և կբուժվեն հանրապետության բոլոր այն հիվանդանոցներում, որոնք ունեն ինֆեկցիոն բաժին։
Panorama.am-ը ճշտեց՝ արդյոք հանրապետության մարզերն ունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին սպասարկելու հնարավորություն։
Շիրակի մարզն ունի ինֆեկցիոն հիվանդանոց, և այս պահին այն միաժամանակ կարող է ընդունել 75 հիվանդների և մեկուսացնել նրանց։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցում բուժսպասարկման համար անհրաժեշտ միջոցներ որոշ չափով կան և անընդհատ համալրումներ են իրականացվում։
«Մենք Գյումրիում ունենք ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց , և այն այս պահին պատրաստ է հիվանդների ընդունելու, նրանց մեկուսացնելու և բուժելու։ Փորձում ենք այս պահին ամեն կերպ հագեցնել այդ հիվանդանոցը»,- ասաց Ասլանյանը։
Ճշտող հարցին՝ կա՞ն պատրաստած բժիշկներ, ովքեր կկարողանան սպասարկել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, նա պատասխանեց՝ մենք նախարարությունից ուղեցույց ենք ստացել, և փոխանցել բուժհաստատություններին. «Նաև այդ ուղեցույցների հիման վրա բժիշկների վերապատրաստում ենք իրականացնում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է նախարարության ցուցումներով»։
Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզում գործող բոլոր 5 բուժհաստատություններում կա ինֆեկցիոն բաժանմունք։
«Մարզն ամբողջությամբ պատրաստ է կորոնավիրուսով հիվանդներին մեկուսացնելու և բուժելու, եթե լինի դրա կարիքը։ Մենք բացի ինֆեկցիոն բաժանմունքներից 3 բժշկական կենտրոններում առանձին շենքեր ունենք՝ այդ հիվանդներին սպասարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը, հավելելով, որ բժիշկները ևս ունեն անհրաժեշտ պատրաստվածություն՝ հիվանդներին սպասարկելու համար։
Հարցին, թե քանի մահճակալ կա մարզի հիվանդանոցներում, և անհրաժեշտության դեպքում միանգամից քանի հիվանդի հնարավոր կլինի սպասարկել, Գևորգյանն ասաց՝ չի կարող նման տվյաներ տալ, քանի որ իրավունք չկա հեռախոսով բժշկական կարևոր նշանակություն ունեցող նման ինֆորմացիա տալ. «Ես միայն կարող եմ ասել, որ մենք ամբողջովին պատրաստ ենք հիվանդներ ընդունելու, եթե դրա կարիքը լինի»։
Կոտայքի մարզում առանձնացված ինֆեկցիոն հիվանդանոց չկա, բայց բոլոր հիվանդանոցներն ունեն ինֆեկցիոն կաբինետներ կամ բաժանմունքներ։
«Չորս մեծ բժշկական կենտրոններ ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ։ Այս հիվանդանոցներում կա հաստիքացուցակով հաստատված 22 մահճակալ, բայց ՍՇՎ-ների ժամանակ մահճակալներ ավելացվում են։ Չի լինում հիվանդ, որ գա և ասենք՝ տեղ չունենք։ Աշխատանքի ընթացքում մահճակալները պարբերաբար ավելացվում են։ Մարզն ունի պահուստային մահճակալներ, և ինֆեկցիոն բաժնում մինչև 50 տոկոսով կարող են մահճակալների քանակն ավելացնել։ Եթե այդ պրակտիկային հետևենք, ապա մինչև 33 մահճակալ միաժամանակ կկարողանա ծառայել հիվանդ քաղաքացիներին»,- մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Անի Չիլինգարյանը։
Ճշտող հարցին՝ մարզում կա՞ն պատրաստված բժիշկներ, որոնք կկարողանան կորոնավիրուսով վարակման դեպքում անհրաժեշտ բուժսպասարկում իրականացնել՝ Չիլինգարյանը պատասխանեց՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ ամեն ուրբաթ օր սկայպով խորհրդակցույթուն է լինում, որի ընթացքում բժիշկ-մասնագետները քննարկումներ են անցկացնում, փորձի փոխանակում իրականացնում. «Այս առումով չեմ կարծում, որ խնդիր կունենանք»։
Արարատի մարզպետարանից միայն նշեցին, որ հիվանդանոցներում ունեն ինֆեկցիոն բաժիններ, սակայն մեր այլ հարցերին՝ բաժիններում առկա մահճակալների թվի, բժիշկների պատրաստվածության և անհրաժեշտ բժշկական միջոցների առկայության մասին, հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ միայն գրավոր հարցման դեպքում կարող են տվյալներ տրամադրել։
Վայոց Ձորի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Վասիլ Ասլանյանն էլ ասաց՝ ունեն մարզային ինֆեկցիոն բաժանմունք, որը գտնվում է Վայք քաղաքում. կենտրոնը բավականին հագեցած է։
«Մենք մարզպետի մոտ հանրապետության գլխավոր համաճարակաբանի հետ սկայպ խորհրդակցություն ենք ունեցել, ներկայացրել ենք հիվանդանոցների պահանջներն ու խնդիրները, որից հետո մեզ տրամադրել են համապատասխան հանդերձանք՝ դիմակներ, արտահագուստ, ակնոց, այս պահին քիչ քանակությամբ ունենք այդ հանդերձանքը, բայց շուտով նոր խմբաքանակ ենք ստանալու»,- ասաց Ասլանյանը։
Նրա խոսքով՝ Իրանից Հայաստան ժամանողներին վիրուսի ախտանիշների առկայության դեպքում միանգամից ուղարկում են «Նորք» ինֆեկցիոն, որտեղ նրանք թեստավորվում են.
«Օրինակ, մեկ շաբաթ առաջ այստեղ էր եկել հնդիկ տուրիստ, ում մոտ կային վիրուսի ախտանշաններ, նրան միանգամից ուղարկել ենք «Նորք» ինֆեկցիոն, որտեղ նա թեստավորվել է, և արդյունքը բացասական է եղել, քանի որ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրան դուրս են գրել»։
Իսկ եթե կորոնավիրուսի համաճարակ լինի, ապա Վայոց Ձորի մարզի ինֆեկցիոն բաժանմուքը միանգամից կկարողանա սպասարկել 80 քաղաքացիների։
Մարզպետարաններից մեզ վստահեցրին՝ կորոնավիրուսի տարածման դեպքում կարող են հիվանդներին սպասարկել, բայց իրականում խուճապի կարիք չկա, քանի որ հիվանդությունը այնքան էլ լուրջ չէ, և եթե քաղաքացիները հետևեն Առողջապահության նախարարության հորդորին և պահպանեն անձնական հիգիենան, ապա հիվանդությունից խուսափելն էլ ավելի հեշտ կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին