Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից․ Զախարովան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին կայացած ամենօրյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ զսպվածության կոչ անելով կողմերին:
«Ցավոք, շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Ցավակցություններ ենք հայտնում զոհվածների հարազատներին։ Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացն՝ ուղղված քաղաքական միջոցներով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան:
Զախարովան հավաստիացրել է, որ շարունակելու են հետևել իրավիճակին և մեկնաբանություններ տալ։
Նշենք, որ նախօրեի ճեպազրույցը կորոնավիրուսի պատճառով անցկացվում էր առանց լրագրողների, նախապես ուղարկված հարցերով։