Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը.Ա.Բեգլարյան
Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանն աշխատանքից ազատվել է մոտ երկու շաբաթ առաջ: Նա դիմել է դատարան և պնդում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը իրեն աշխատանքից ազատել է անօրինական։
Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Բեգլարյանն իր աշխատանքից ազատման պատճառը կապեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների հետ:
«Դիլիջան ազգային պարկում ստուգումներ ենք արել և բավականին խախտումներ հայտնաբերել՝ ապօրինի ծառահատման մասով, շուրջ 28 մլն դրամի վնաս : Ակտ ենք ձևակերպել և այն օրինական ուժի մեջ է մտել: Այս դեպքում,եթե ակտի գումարի չափը գերազանցում է 100 000-ը, ապա պետք է ուղարկվի իրավապահ մարմիններին: Սակայն նա դա չի արել և անընդհատ ձգձգել է:Մեզ էլ իր մոտ չէր ընդունում,որ քննարկեինք և այդպես անհարկի ձգձգում էր»,-ասաց Բեգլարյանը:
Նրա համոզմամբ ՝ ձգձգման պատճառն անտառում անօրինական ծառահատման հետքերը վերացնելն է: Իր ՝աշխատանքից ազատման պատճառը ևս կապում է այդ դեպքի հետ.
«Ժամանակն անցնում էր, հետքերն էլ կարող էին կվերանան, կոճղերը եթե խախտում անողները անտառապահների հետ համագործակցում են, ապա վառում են, վերացնում են, հետո ձյուն է գալիս ,արդեն հայտնաբերելը դժվար է լինում: Հետո ,եթե տարին փոխվի, արդեն ավելի դժվար կլինի գտնել հետքերը, օրինակ ՝ կնիքը: Ոնց որ հատուկ ձգձգվեր այս ամենը,որ իրավապահներին չուղարկվեր»,-պարզաբանում է Բեգլարյանը:
Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկ»-ում 2019թ․ հոկտեմբերի 9-ի ստուգման ակտով արձանագրվել է ապօրինի հատված 257 ծառ և դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է շուրջ 28 մլն դրամի չափով վնաս։
Նմանօրինակ մի դեպքի մասին էլ պատմեց Բեգլարյանն, այս անգամ Լոռու մարզում, խոսքը 25 անօրինական հատված ծառի մասին է:
«Պետք է գնային տեղում արձանագրությունը կազմեինք: Փոխանակ արագ արվեր գործը, հակառակը ձգձգվում էր՝ գործը կոծկելու նպատակով»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը,թե ո՞րն է տեսչության ղեկավարի շահը՝ անօրինական գործերն անընդհատ կոծկելու և իրավապահ մարմիններին չհանձնելու մասով : Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի արդեն նախկին պետը կարծիք հայտնեց.«Ես ունեմ ներքին համոզմունք, հույս ունեմ քրեական գործի շրջանականերում մանրամասն կբացահայտվի,Ավետիսյանն այս գործում իր շահերն ունի»:
Մեր դիտարկմանը,թե ո՞ւմ հետ է կապված նրա շահը, Դիլիջան ազգային պարկի տնօրենի՞, Բեգլարյանն առարկեց. «Ոչ, իրենք նույնիսկ տնօրենին էին ուզում հանել գործից, քանի որ բավականին խախտումներ էր վերացրել: Իմ կարծիքով նրանց կապը փայտի գործով «մաֆիայի» հետ է: Նրանք ուզում են շարունակել իրենց փայտի գործը: Սա իմ եզրակացությունն է»:
Այսուհանդերձ, Արթուր Բեգլարյանը դիմել է դատարան և աշխատանքից ազատման հարցը վիճարկելու է դատարանում: Ասում է՝ ունի բավականին փաստեր՝ գործը շահելու համար, արդեն ներկայացրել են իրավապահ մարմիններին, ինչի առթիվ գործ է հարուցվել:
Դիմեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչություն՝ վերը հնչեցված մեղադրանքների մասով պարզաբանումներ ստանալու համար: Պատասխանը ստանալու դեպքում, կհրապարակենք նաև նրանց պարզաբանումը: