Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի:
Երկարատև բանակցությունների շնորհիվ՝ ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար ընդհանուր առմամբ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:
Ամբողջ փառատոնը նվիրված էր հանճարեղ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր համագործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը:
«Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ:
Հարակից հրապարակումներ`
- Չիլիի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցառումների փաթեթ է ներկայացրել
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Կարանտինում գտնվող իտալացիների պատասխանը՝ կորոնավիրուսին
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
- Լոնդոնի գրքի ցուցահանդեսը չի կայանա
- Բեռլինի կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է փոփոխություններով