Պատասխանատվությունից հեռու
Որևէ գիտակից մարդ չէր կասկածում, որ հենց այսպես էլ կպահի իրեն Փաշինյան Նիկոլը ճգնաժամային իրավիճակում ․․․ այսինքն՝ կհեռանա պատասխանատվության վայրից ։ 2008-ի մարտի 1-ին իր կողմից հրահրած բախումների էպիկենտրոնից փախուստը բավակա՞ն չէր պատկերացնելու նրա վարքագիծն իր մաշկին վնասող պայմաններում։ Հենց մամուլում տարածվեց Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսի կասկածը, վարչապետն ընտանիքի հետ անմիջապես ինքնամեկուսացավ Սևանի կառավարական առանձնատանը, և թեստեր հանձնեցին, քանի որ օրեր առաջ իր կինը ողջագուրվել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ։ Հետո հայտնեցին, որ արդյունքները բացասական են և իրենք իրենց հիանալի են զգում։ Շատ լավ է։ Բայց եթե չլիներ երկու տիկնանց ողջագուրման լուսանկարը, երևի թեստերն էլ թաքուն կհանձնեին և քարոզարշավը չէին ընդհատի։
Այս դեպքում ինքնամեկուսանալը ճիշտ է, բայց գոնե մտածե՞լ են Հայաստանի հարավում երեք օր իրենց քարոզարշավին մասնակցած, իրենց ձեռք սեղմած ու համբուրած մարդկանց մասին, նրանց մտատանջությունների մասին։ Իհարկե ոչ։ Որովհետև քաղաքական խնդիրներով կլանված՝ մարդկանց դիտարկում են սոսկ որպես գլխաքանակ։ Հո պատահական չէ, որ արդեն երկու տարի հանրության գիտակից հատվածն անընդհատ գոռում-գոչում է, որ երկրի կառավարումը վստահված է դիլետանտների, ում պատասխանատվության չափը կառավարման կարևորագույն հարցերում զրո է։
Բայց հիմա խոսքն այդ մասին չէ, առավել ևս երբ համացանցում և ամենուր ամեն ինչ ասվել ու ասվում է շաբաթներ շարունակ կորոնավիրուսին ՀՀ իշխանությունների թեթևամիտ վերաբերմունքի առիթով։ Հարցին նայենք այլ կողմից․ այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ քաղաքական ու հատվածային նախասիրությունները մի կողմ թողնելով՝ ուզած-չուզած պետք է միասնական ճակատ կազմենք վիրուսի դեմ։
Ջունգլիների դաժան օրենքների շարքում կա նաև մեկ «հումանիստականը»՝ երաշտի ժամանակ ջրի մոտ բոլոր կենդանիները հավասար են, գործում է այսպես կոչված զինադադար («Մաուգլի»)։ Մեր հասարակության մեջ այժմ ևս պարտադիր է այդ մոտեցումը՝ բոլորս հավասար ենք կորոնավիրուսի առջև և պարտավոր ենք պահպանել ցուցումները, և՛ ազգաբնակչությունը, և՛ իշխանությունը։
Ժողովուրդը, հա՛, ձեռքերը կլվանա, ջերմությունը հաճախակի կչափի, հարկ եղած դեպքում կդիմի բժշկի, կինքնամեկուսանա, կխուսափի մարդաշատ վայրեր հաճախելուց։ Բավականին պարզ ու հստակ հրահանգներն են, և հատկապես պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար որևէ բարդ բան չկա։
Կառավարության գործն է դժվար, որովհետև անլուրջ մոտեցումերով թույլ են տվել վարակի ներթափանցումը հանրապետություն և բավականին ուշացումով են սկսել համակողմանի միջոցներ ձեռնարկել։ Եթե փետրվար ամսից Իրանից ու Իտալիայից մեր հայրենակիցներով ժամանած երկուական ինքնաթիռների ուղևորներին հենց սկզբից 14-օրյա կարանտինի տակ պահեին՝ խստորեն հետևելով միջազգային ստանդարտներին, ոչ ոք հիմա իրավունք չէր ունենա մեղադրել համապատասխան գերատեսչություններին և անձանց մասնագիտական պարտքը չկատարելու մեջ։
Բայց չարեցին չէ այդ անհրաժեշտ միջոցառումները․․․
Ինչևէ, ի՞նչ է ակնկալում հիմա ազգաբնակչությունը իշխանություններից։ Քանի որ յուրաքանչյուր ոլորտի մասնագետները ամենայն մանրամասներով շարունակում են ներկայացնել անհրաժեշտ միջոցառումները՝ համաճարակաբանական, տնտեսական, բանկային, ասենք միայն, թե ինչ է ուզում շարքային քաղաքացին։
Նախ որ չխաբեն ու չմոլորեցնեն մարդկանց; ճիշտ տեղեկատվություն տրամադրվի հանրությանը; ախտահանումները կատարվեն ժամանակակից մեթոդներով, դեղատներում դիմակների դիֆիցիտ չլինի, իսկ ավելի լուրջ՝ երկիրը նորմալ ղեկավարվի, և վերջապես չեղարկվի այդ անհեթեթ հանրաքվեն։ Իսկ հանրաքվեին հատկացված երեք միլիարդից ավել գումարը թող ծախսվի կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար։
Մեծ հաշվով՝ բնակիչն ակնկալում է արտակարգ հանգամանքներում ինքն իրեն լիարժեք դրսևորող կառավարություն, ում համար առաջնահերթ խնդիրը կլինի հնարավորինս անցնցում հաղթահարել համավարակը։ Չե՞ն կարող, թո՛ղ հրաժարական տան։ Ինչ տարբերություն՝ լայվով ես երկիր ղեկավարում, թե ընդհանրապես չես ղեկավարում։ Բարձր պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովը կկազմի արտակարգ կառավարություն, կմեկուսացնի համաճարակը, այնուհետև կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ․․․ քանի դեռ Աստված մի արասցե, պատերազմ չի սկսվել ու Գերագույնը դարձյալ չի ինքնամեկուսացվել։
Լիա Իվանյան, հրապարակախոս