«Ժողովուրդ». Տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քանի դեռ ողջ աշխարհը խառնված է կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ ու կիրառմամբ, Հայաստանում թաքուն-թաքուն քայլեր են ձեռնարկվում լրատվամիջոցների դեմ: Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու մասին օրենքը դեռ չմարսած՝ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Եվ նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում էր, թե հեռուստատեսությունում և ռադիոյում բուքմեյքերական ընկերությունների գովազդները նպաստում են խաղամոլների թվի աճին:
Հիմա էլ նույնկերպ փորձ է արվում արգելել վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով: Եվ շատ հաճախ այդ օրենքները «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»: Ինչո՞ւ. նույնիսկ եփած հավին է պարզ, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետևաբար նաև գործունեության վրա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանից պարզել՝ ինչ տրամաբանությամբ է նախագիծը ներկայացրել: Բազմազբաղ օրենսդիրը, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցադրումներին՝ ասելով, թե նախագծում ամեն ինչ ասված է: Նկատենք, որ այս պատասխանի հեղինակը նույն այն Արտակ Մանուկյանն է, որ մինչ հեղափոխությունը ամեն ինչ կտար, որ իրեն որևէ լրագրող որևէ հարց տար, ու ինքն էլ ինքնադրսևորվեր հակակոռուպցիոն հերթական վերլուծությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ կոռուպցիոն գործարք կա այս նախագծի հետևում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: