Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
Կորոնավիրուսով վարակված դպրոցական երեխան սովորում է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան 4 հիմնական դպրոցից երրորդ դասարանում։ Այսօր մեկուսացվել են նրա դասընկերները՝ 27 երեխա։ Panorama.am-ը տեղեկացավ դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանից։
Նա պատմեց, որ, ընդհանուր առմամբ, մեկուսացրել են 65 անձի, որից 27-ը աշակերտ են, նրանց հետ իրենց ծնողներն են ու անչափահաս քույր-եղբայրները, եթե, իհարկե, ծնողները ցանկացել են իրենց հետ տանել։ Մեկուսավածներից հինգը ուսուցիչներն են, որոնք երկուշաբթի և երեքշաբթի օրերին շփվել են վարակված երեխայի հետ անձամբ։
Մեկուսացված բոլոր երեխաներն առողջ են եղել։ Ա.Մուրադյանն ասաց, որ նրանք արդեն հասել են Ծաղկաձոր, խոսել է հետները, փոխանցել են, որ պայմանները լավ են։
Տնօրենի ներկայացմամբ, դասարանում ընդհանուր առմամբ սովորում է 35 աշակերտ։ Երկու աշակերտ այդ օրերին ջրծաղիկով վարակված են եղել, չեն հաճախել դպրոց, երկուսը մեկուսացվել էին ավելի վաղ, որից մեկի մոտ էլ հաստատվել էր կորոնավիրուսը, մյուսի մոտ, Ա.Մուրադյանի ունեցած տվյալներով, թեստը բացասական է եղել։ Չորս ծնող հրաժարվել են մեկնել Ծաղկաձոր, նրանք որոշել են ինքնամեկուսանալ, երեխաների հետ կմնան տանը, սանէպիդկայանում տեղյակ են։
Հիշեցնենք, որ այսօր ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում էր՝ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեկվա դրությամբ Հայաստանում հաստատված էր կորոնավիրուսով վարակի 20 դեպք։ Երեկ գրանցված 7 դեպքը տեղային էր, կապված Էջմիածնի դեպքի հետ (նշանդրեք)։
Շեշտենք, որ դպրոցների փակման խնդրանքներն ու հորդորները ծնողները, հանրությունը ավելի վաղուց էին սկսել, քան դա գլխի ընկավ անել ՀՀ կառավարությունը։ Դպրոցներում դասերը դադարեցվել են մարտի 13-ից։
Ու թեև առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Էջմիածնի առաջնային վարակակրի ամբողջ շփման շրջանակը պարզված է, փաստորեն հիմա «շրջանակը» լայնացվում է՝ շրջանակի շրջանակ։
Այսօրվա վերջին տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակման 23 դեպք կա։
(լուսանկարը՝ դպրոցի արխիվից, վարակի հետ անմիջական կապ չունի)
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
- Էջմիածնի քաղաքապետ. Վարակվածներից միայն մեկն է Էջմիածնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան