Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ մարտի 17-ից դադարեցնում է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում:
Ա. Հարությունյանի հայտարարության մեջ ասում է. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում և հետևելով փակ տարածքներում մարդաշատ հավաքներից խուսափելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներին՝ մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել վաղվանից դադարեցնել նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, և, քաղաքական որևէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը: Տեղեկացնեմ նաև, որ նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները և բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
Միևնույն ժամանակ ընդգծում ենք հետևյալ կետերը՝
1. Արցախի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք չհապաղել վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող աշխատանքների կազմակերպման հարցում՝ կիրառելով պետական համապատասխան մեխանիզմները և հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին:
2. Պետական իշխանությունները պետք է պլանավորեն բոլոր հնարավոր սցենարները՝ պատրաստ լինելով ոչ միայն առողջապահական առումով, այլ նաև վերացնել կամ գոնե մեղմացնել այս իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար:
3. Այս իրավիճակում պետական պատկան մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն նաև ընտրությունների օրը քաղաքացիների պատշաճ անվտանգությունը երաշխավորելու և ռիսկերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:
4. «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել պետական մարմիններին ու հանրությանը արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:
5. Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձևաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ:
Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ սահմանների փակման և դրա հնարավոր երկարաձգման դեպքում, ապահովված ենք էներգետիկ և պարենային բավարար ռեսուրսներով, ինչը իմ՝ գործադիր իշխանության ղեկավարման տարիների կարևորագույն ձեռքբերումն եմ համարում: Հավաստիացնում եմ, որ նմանատիպ գրեթե ֆորսմաժորային իրավիճակներում անգամ Արցախի զարգացման մեր ներկայացրած հավակնոտ ծրագիրը ձախողման վտանգ չի պարունակում, և մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու համար ունենք բոլոր հաշվարկված քայլերի սցենարները:
Առողջություն, ողջախոհություն և անխուճապ տրամադրություն բոլորին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԿԸՀ-ն նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին