Փաշինյան. Ֆինանսական համակարգը գործում է բնականոն
«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով։ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ Կենտրոնական բանկն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների՝ ամենօրյա սահուն, բնականոն ընթացքը կազմակերպելու համար»,- կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ասաց՝ միաժամանակ Կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։
Փաշինյանն ապա դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հարցրե՞ց՝ հաստատում է իր ասածները։
ԿԲ նախագահն ասաց՝ դրա մասին նաև փաստերն են խոսում, սկզբում ինչ-ինչ հայտարարությունների ներքո եղել են վայրիվերումներ, անկայունություն, սակայն հիմա իրավիճակը վերահսկվում է։
«Կարելի է ասել, իրավիճակը լրիվ կայուն է»,- ասաց ԿԲ նախագահը։
ԿԲ-ն դիմել է առևտրային բանկերին՝ առաջարկելով ճգնաժամային իրավիճակում տուժած գործարարներին առանձնահատուկ ու անհատական մոտեցում, անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերվի։ Առաջարկվել է նաև, որ բանկերը ծրագրային վարկերի շրջանակում տնտեսվարողներին նոր պայմաններ առաջարկեն։
Ջավադյանն ասաց, պայմանավորվել են առևտրային բանկերի, «Բնակարան երիտասարդների» ծրագրի, միջազգային մեկ այլ ծրագրի հետ՝ հետաձգել վարկի մարումները, հարկ եղած դեպքում իջեցնել տոկասադրույքները, ծրագրերն էլ հարկ եղած դեպքում պետք է փոխեն բանկերին առաջարկվող պայմանները։
Փաշինյանը նշեց, որ կառավարությունը, ԿԲ-ն, բանկերը, տնտեսվարողները կշարունակեն համագործակցել, հիշեցրեց, որ 2019-ի արդյունքներով Հայաստանի արտարժույթային պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի։
Վարչապետն ասաց, նախորդ տարի ԿԲ-ն 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել։
«Ինչպես ասացի, Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը բարձր է։ Հարկ եղած դեպքում կառավարությունը, ԿԲ-ն ու կառավարությունը կցուցաբերեն աջակցություն բանկերին, տնտեսությանը իրացվելիության մակարդակը բարձրացնելու համար»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդիրը ձևակերպել են, ոչ թե հաղթահարել տնտեսական դժվարությունները, այլ պատրաստ լինել օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից։
Նա նշեց, որ դժվարությունները ստեղծում են նաև նոր հնարավորություններ ու պետք է դրանցից օգտվել։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել
- ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը
- ԿԲ. Կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան