Համաճարակը սպառնում է երկրի սահմանադրական կարգին, կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել. Մարուքյան
«Երկրում արտակարգ ռեժիմ սահմանելն արդեն անհրաժեշտություն է»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն՝ արտակարգ դրությունը ՀՀ ամբողջ տարածքում կամ նրա առանձին հատվածներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։ Այն հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում։
«Ամենավերջում կա արտակարգ իրավիճակ, այսինքն՝ արտակարգ իրավիճակում պետությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ իրավիճակների թվում նշված է նաև համաճարակ տերմինը, այսինքն՝ ակնհայտ է, որ համաճարակը արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որ հրավիրվի արտակարգ դրություն։ Բայց մեր իշխանության իրավաբանները գտնում են, որ այս Սահանադրությունը արտակարգ իրավիճակ սահմանումն իր մեջ չունի, և ունի միայն սահմանադրական կարգ ձևակերպումը»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը մեջբերեց ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը, որն ամրագրում է՝ ինչպես է հրավիրվում արտակարգ դրություն. «Սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգի դեպքում կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին... Կառավարությունը հրավիրում է արտակարգ դրություն, խորհրդարանը իրավունքի ուժով հավաքվում է և քննարկում այդ ռեժիմը, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ Բայց քանի որ այստեղ նշված է սահմանադրական կարգին սպառնացող վտանի դեպքում, մեր գործընկերները մեկնաբանում են, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգները միայն նրանք են, որ ամրագրված են քրեական օրենսգրքում, ատակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, բայց քրեական օրենսգրքի իմաստով են այն դիտարկում»։
Այնուամենայնիվ, Մարուքյանը վստահեցրեց, սահմանադրական կարգ են համարվում Սահմանադրության առաջին գլխում ամրագրված այն արժեքները, որոնք ամրագրված են։
«Եթե այդ արժեքներին վտանգ կա սպառնացող, ապա սահմանադրական կարգին սպառնացող վտանգ ևս կա։ Այդ հիմքով կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել։ Եթե համաճարակը այս տեմպերով գնա, ապա Հայաստանին վտանգ է սպառնում սոցիալական առումով, և ակնհայտ է՝ դա քիչ պակաս վտանգ չէ։
Մեր Սահմանադրության երրորդ հոդվածով սահմանվում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունները։ Այս դեպքում համաճարակը սպառնում է երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, նրանց առողջությանն ու անվտանգությանը։ Եվ դա նշանակում է՝ համաճարակը սպառնում է երկրի սահմանադրական կարգին, հետևաբար սահանադրական կարգին սպառնացող երևույթները պետք չէ դիտարկել միայն քրեա-իրավական համակարգում։ կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել»,- շեշտեց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան