Մնացականյանի ընդմիջման առաջարկին Փաշինյանն արձագանքեց՝ լրիվ լո՞ւրջ
Կառավարության արտահերթ նիստը մեկ ու կես ժամ բուռն քննարկումից հետո ընդմիջվեց։ Հիշեցնենք, օրակարգում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլոր հնարավոր միջոցներով պետք է փոքրացնել պոտենցիալ մեկուսացվողների թիվը, որպեսզի վերահսկողությունը հնարավորինս ուժեղացնեն։ Նա ասաց՝ դեռ փետրվարի 20-ից Հայաստան ժամանող քաղաքացիներին ինքնամեկուսացման կոչ են արել, եթե պահպանեին, ապա այսօր արտակարգ դրության հարց չէր առաջանա։
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության 30 հաստատված դեպք կա։
«Փաստն այն է, որ մեր քաղաքացիները չեն պահպանել ինքնամեկուսացումը, չեն էլ պահպանելու, եթե վարչական պատասխանատվություն չլինի»,- ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, եթե իրենք մեկուսացնեին քաղաքացիներին, ապա բազմաթիվ խնդիրներ կարող էին առաջանալ, այդ թվում ֆինանսական վնաս կրած քաղաքացիները կարող էին փոխհատուցման պահանջ ներկայացնել։
Ահա այստեղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց տասնհինգ րոպեով նիստն ընդմիջել։
«Լրիվ լո՞ւրջ»,- զարմացավ Փաշինյանը։
Ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկեց՝ ավելի երկար ընդմիջում, քանի որ մի քանի տեխնիկական վրիպակներ կան որոշման նախագծում։
Հայտարարվեց ընդմիջում, նիստը կվերսկսի ժամը 17։15-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանն առաջարկեց մուտքի և ելքի տոտալ արգելք բոլոր ուղղություններով
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել