Ավետիք Չալաբյան. Եկել է արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը Հայաստանում կորոնովիրուսով վարակման նոր դեպքերին ճիշտ արձագանքելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ասված է.
«Տառացիորեն երեք օր առաջ, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնովիրուսով վարակի 3 նոր դեպքերը, ես գրառում էի կատարել, կոչ անելով դադարեցնել քարոզարշավը, և ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ պատրաստվել երկիրը համաճարակից պաշտպանելուն։
Ցավոք, այս ընթացքում վարակը սկսեց մեր երկրում արագ տարածվել։ Ինչը սակայն պակաս մտահոգիչ չի՝ վերջին երկու օրերի ընթացքում այն աննախադեպ տեմպերով տարածվեց ողջ աշխարհում։ Իտալիայում, որի հետ մենք բավական ինտենսիվ ավիացիոն հաղորդակցություն ունենք, վարակակիրների թիվը գերազանցեց 21 000-ը, մահացությունը գերազանցեց 1000-ը։ Մեր հարևան Իրանում վարակակիրները գերազանցեցին 12 000-ը, մահերը մոտենում են 800-ին։ Վարակը սրընթաց ընդգրկեց Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, և միայն վերջին շաբաթում տարավ 2000-ից ավել կյանքեր ամբողջ աշխարհում։
Այս պահի դրությամբ, բազմաթիվ երկրներ սկսում են գործարկել աննախադեպ մասշտաբի արտակարգ միջոցառումներ։ Իսրայելը և Ուկրաինան ընդհանրապես դադարեցրել են իրեն երկիր օտարերկրյա ուղեվորների հոսքը, ԱՄՆ-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել և փակել է ուղեվորների հոսքը ԵՄ երկրներից, Ռուսասատանը խիստ սահմնանափակել է այդ հոսքը, արտակարգ իրավիճակ է հայտարարել Ղազախստանը։ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր այն հաստատությունների աշխատանքը, որտեղ հանրային կուտակումներ են լինում, ներառյալ ռեստորանների, թատրոնների, թանգարանների, և այլն։ Աշխարհը կանգնած է վիթխարի տնտեսական վնասների առջև, սակայն մինչև հիվանդությունից կայուն բուժում գտնելը, սա միակ միջոցն է նրա սըրընթաց տարածումը եթե ոչ կանխելու, ապա գոնե դանդաղեցնելու համար։
Հայաստանում մինչև վերջին պահը, բարձրագույն իշխանությունից շարքային քաղաքացու մակարդակով, թեթևսոլիկ վերաբերմունք էր ցույց տրվում համաճարակին, չնայած շրջակա աշխարհում նրա արդեն իսկ գործած ավերածություններին։ Այսօր մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, քանի որ չգիտենք, թե քանի իրական վարակակիր կա երկրում (հիվանդությունը զգալի ժամանակ կարող է ընթանալ թաքուն, առանց ընդգծված ախտանիշների), քանի վարակակիր է ժամանում ամեն օր ցանկացած ուղղությունից, և մեր սիրատոչոր մշակույթի պայմաններում, ինչ արագությամբ այն կտարածվի համբույրների, գրկախառնումների, և նույնիսկ տարրական ձեռքսեղմումների միջոցով։
Եկել է ժամանակը արտակարգ միջոցների ամբողջ երկրի տարածքում՝ հայտարարելու արտակարգ իրավիճակ, արգելելու բոլոր զանգվածային միջոցառումները (ներառյալ հարսանիքները, կնունքները, պատարագները, թատերական ներկայացումները, չասած քաղաքական միջոցառումների մասին), խիստ սահմանափակելու օդային և ցամաքային հաղորդակցությունը վարակից արդեն տուժած բոլոր երկրների հետ, հիգիենայի խիստ միջոցների պարտադրումը բոլոր հաստատություններում, ներառյալ դիմակները, թեստերի մեծ քանակությամբ գնումը և խոցելի խմբերի պարտադիր թեստավորումը։
Հատուկ կարևորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից, քանի որ այն կարող է բերել երկրի անվտանգության համար կատաստրոֆիկ հետևանքների։ Այս նպատակով բանակը հիմա պետք է հնարավորինս մեկուսացնել քաղաքացիական աշխարհից՝ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով, իսկ եթե դա տեղի ունենա կոնկրետ դեպքերում, պետք են արագ արձագանքման մեխանիզմներ՝ վիրուսակիրներին մեկուսացնելու համար, այլապես զորանոցային պայմաններում այն կարող է կայծակնային արագությամբ տարածվել զինծառայողների շարքերում։ Սա առավել կարևոր է Արցախում տեղակայված զորամիավորումների պայմաններում, որոնց նույնիսկ մասնակի կազմալուծումը կարող է պարզապես ճակատագրական հետևանքներ ունենալ։
Վիրուսը տարածվում է սրընթաց, սակայն արդեն կան երկրներ, որոնք կարողացել են նրա արագ տարածումը կանխել։ Մասնավորապես, Չինաստանը, առաջին հարվածից հետո, կարողացավ լոկալիզացնել վիրուսի օջախը Հուբեյ նահանգում։ Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի ընդամենը 20 նոր դեպք, այն դեպքում, երբ առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 1500 հիվանդ, փաստացի արդեն մեկ շաբաթ է հիվանդմերի թիվը Չինաստանում նվազում է։ Չինաստանի, և մի շարք ասիական այլ երկրների փորձը մեզ համար շատ կարևոր է, և ցույց է տալիս, որ հստակ պետական արձագանքի և ամուր կարգապահության պայմաններում, վիրուսի արագ տարածումը կարելի է սկզբից կանխել, իսկ հետո նրա օջախները կարելի է նաև աստիճանաբար լոկալիզացնել և մարել։
Մեր բոլորից է կախված, թե որքանով կկարողանանք դա անել Հայաստանում, պաշտպանելով մեր և մեր մերձավորների կյանքն ու առողջությունը այս սարսափելի վարակից, և հետագա հապաղումն արդեն անթույլատրելի է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից
- Չալաբյան. Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը
- Չալաբյան. Ուրախ կլինեմ, եթե Փաշինյանն առաջին հարցին «Ոչ» պատասխանի
- Չալաբյան. Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարելու հետևանքները