Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
«Երբ հեռախոսով մեզ տեղեկացնում են, թե դատական նիստ չի կայանալու, դա պատշաճ տեղեկացման ձև չէ»,- դատարանի դահլիճից դուրս գալով լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյւանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիեբկյանի նախագահությամբ այսօր պետք է քննարկվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Սակայն նիստից ժամեր առաջ տեղեկացրել են, որ դատավորը վատառողջ է, նիստը չի կայանա։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հայկ Ալումյանն ասաց՝ իրենց այսօր են հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել, որ նիստը չի կայանալու։ Մինչդեռ դրա մասին պետք է տեղեկացվեր կամ գրավոր, կամ դատարանի դահլիճում. քարտուղարը պետք է հայտարարեր նիստի չկայացման պատճառների, ինչպես նաև դատական հաջորդ նիստի օրվա մասին։
«Մենք եկել էինք, որպեսզի նիստերի քարտուղարը մեզ տեղեկացնի, թե որն է նիստը չկայանալու պատճառը, թե երբ կարող ենք սպասել հաջորդ նիստին։ Դատավորի օգնականը, կամ նիստերի քարտուղարը փորձեց Հովհաննես Խուդոյանին դուրս հրավիրել ու առանձին ասել, թե ինչ է տեղի ունենում։ Դա ձև չէ, քաղաքակիրթ ու օրինական ընթացակարգ չէ՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- ասաց փաստաբանը։
Նրա փոխանցմամբ, կարգադրիչներից մեկի միջոցով իրենց փոխանցել են, որևէ մեկը չի պատրաստվում գալ ու հայտնել, թե ինչ է կատարվում։
«Հավանաբար, դա իրենց պատվից ցածր համարեցին։ Այն, ինչ տեղի ունեցավ, անհարգալից մոտեցում է մեր նկատմամբ, և մենք ուզեցինք ցույց տալ, որ ավելի ցայտուն ու փոխադարձ անհարգանք մենք կսկսենք ցույց տալ։ Իրենք հասկացան դա ու բարեբախտաբար շուտ հասկացան, եկավ մի կին, ներկայացավ, որպես այս դատարանի պատասխանատու, շատ քաղաքավարի, նորմալ ձևով տեղեկացրեց, թե ինչու նիստը տեղի չի ունենալու, ինչից հետո մենք դուրս եկանք»,- ասաց Ալումյանը։
Փաստաբանը նշեց, որ նախկին չորս վարչապետներին տեղեկացրել էին հեռախոսազանգի մասին, ինչի պատճառով էլ նրանք այսօր դատարան չեն եկել։
Ալումյանն ասաց՝ մինչև ուրբաթ օրը իր գործընկեր Արամ Վարդևանյանը համառորեն փորձել է ճշտել, թե հնարավո՞ր է նիստը չկայանա, ի պատասխան հավաստիացրել են, որ նիստը լինելու է։ Երեկ էլ ինքը միջնորդությունն է մուտք արել դատարան, կրկին նիստի հետաձգման մասին ոչինչ չեն ասել։
«Հաջորդ դատական նիստին մենք պահանջելու ենք, որ դատավորը մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա՝ որտե՞ղ։ Մենք պետք է հաստատ համոզվենք, որ այս ամեն ինչը չի արվել այն բանի համար, որպեսզի երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դատական նիստին դարձնեն անհնարին»,- ասաց Ալումյանը։
Փաստաբանն ընդգծեց, իրենք հիմնավոր ու լուրջ կասկածներ ունեն, որ նիստը հետաձգվել է, որպեսզի երաշխավորներից ոմանք հանրապետությունում չլինեն, քանի որ նրանք բացի միջնորդությունը ներկայացնելուց, վճարումը կատարելուց, պետք է ներկա լինեն դատական նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի դահլիճ են եկել Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան