Դատական դեպարտամենտն ասում է՝ դիմակներ է բաժանել, մինչդեռ կարգադրիչներն առանց դիմակների էին
Բոլոր դատարաններին այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, Դատական դեպարտամենտի կողմից բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր:
Դատական դեպարտամենտից նշում են, որ այս առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար: Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և ախտահանիչ նյութերով ապահովելու գործընթացը:
Դատական դեպարտամենտը հորդորում է քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով: Նշենք նաև, որ դատարաններում, ըստ անհրաժեշտության, իրացվում են նաև աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունները, դրանք են՝ գրավոր ընթացակարգերը, էլեկտրոնային կապի միջոցները, հեռախոսակապը:
Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող, սոցհարթակներում ակտիվ գործունեություն ծավալող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հորդորում ենք պատշաճ զսպվածություն դրսևորել դատարանների մասին մեկնաբանություններ անելուց:
«Վստահեցնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտը 24 ժամյա ռեժիմով աշխատում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում դատարաններն ախտահանելու և դատարանի աշխատակիցների և մեր քաղաքացիների առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-ասված է դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Նկատենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավյարում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով հետաձգված նիստի պատճառներն իմանալու համար դատարան եկած փաստաբաններին հսկում էին կարգադրիչները, որոնք ոչ դիմակով էին, ոչ ձեռնոցով։ Դատարանի դահլիճ եկած ու փաստաբաններին նիստի հետաձգման պատճառների մասին հայտնած դատարանի պատասխանատու ներկայացած կինն էլ ոչ դիմակ ուներ, ոչ ձեռնոց։
Հետևաբար կամ դիմակները քիչ են, կամ իրենց նպատակին չեն ծառայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան