Սպիտակի քաղաքապետ. Վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին կողաշրջված ավտոբուսի ուղևորները «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները չեն։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատիոն Դարբինյանը։
«Սպիտակում կարի ֆաբրիկա կա, քանի որ պատվերները հիմա քիչ են, կրիզիս է, իրենք ինձ խնդրեցին, որ պատվերներով ապահովեմ։ Մենք նրանց ասացինք՝ դրանք եվրոպական պատվերներ են, պետք է աշխատակիցներին ուղարկեք մեզ մոտ գան, սովորեն, թրեյնինգներ լինեն։ Այնպես չէ, որ դա բանվորական հագուստ է, ոնց ասես, կարեն։ Հիմա այդ մարդիկ պետք է գային մեզ մոտ՝ մի շաբաթ սովորեին։ Էն էլ էս ժողովուրդը նման փորձանքի եկան, տեղ չհասան»,- ասաց ընկերության տնօրենը։
Նրա խոսքով, աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն էլ իրենցը չի եղել, Սպիտակի կարի ֆաբրիկան է միգուցե վարձել նրանց տեղափոխելու համար։
Նախապես ներկայացված ցուցակի համաձայն, Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում պետք է վերապատրաստման դասերին մասնակցեին Սպիտակի կարի ֆաբրիկայի 22 աշխատակիցներ։
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, Սպիտակում կարի մի ֆաբրիկա կա, սակայն այն չի գործում մասնագետներ չունենալու պատճառով։
«Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցներն են, ես այդպես եմ լսել, հնարավոր է՝ սխալվեմ։ Նրանք Սպիտակից են, բայց գնում են Վանաձոր աշխատանքի»,-ասաց նա։
Քաղաքապետի ձեռքի տակ եղած տվյալներով, վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 15-16 մարդ։
«Թեթև վնասվածքներ են, կոտրվածքներ, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամեն ինչ նորմալ է։ Այս թվերն էլ մոտավոր են, բոլորը խառն են, մի քանի ժամից ավելի հստակ կլինի»,- ասաց Սպիտակի քաղաքապետը։
ԱԻ նախարարությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան