Վիտալի Բալասանյան. Պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Այն տարածել է թեկնածուի գրասենյակը։
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր ես որոշել եմ լուսաբանել մի թեմա, որը գրավել է ամբողջ մոլորակի ուշադրությունը:
Կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է յուրաքանչյուր մարդու համար՝ այն գլոբալ մարտահրավեր է պետականության համար:
Սա երկրի ղեկավարների պատրաստակամության և կարողության փորձություն է՝ արտաքին սպառնալիքի պայմաններում արագ մոբիլիզացնելու ունակության վերաբերյալ: Մենք տեսնում ենք Իտալիայի և Իսպանիայի տխուր փորձը, երբ իշխանությունները, չկարողանալով ժամանակին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ակնհայտորեն չկարողացան հաղթահարել համաճարակի մարտահրավերները: Հազարավոր զոհեր կան:
Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է վիրուսի տարածման աճի տեմպերի առումով:
Նախագահի և գլխավոր հրամանատարի դերը հիմնականում քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովումն է, ես ստիպված եմ փաստել, որ Արցախի իշխանությունները ցուցաբերում են անփութություն և խնդրին ուղղված ոչ լուրջ վերաբերմունք:
Մենք կանգնած ենք սարսափելի սպառնալիքի առջև և միայն մեզանից է կախված, թե արդյոք կկարողանանք դուրս գալ այս փորձությունից առանց կորուստների:
Յուրաքանչյուր մարդու կյանքը մեծ արժեք ունի: Բայց մի ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանություն և գտնվում է պատերազմական իրավիճակում, ավելի սուր է զգում իր կյանքի համար ցանկացած սպառնալիք՝ հասարակության ամբողջ կտրվածքով: Եթե մեր երկրի սահմանները պաշտպանող յուրաքանչյուր զինվորի կորուստը ազգային մասշտաբի ողբերգություն է, ես վախենում եմ նույնիսկ մտածել մեր երկիր վիրուսի հնարավոր ներթափանցման մասին, որը կարող է հարյուրավոր կյանքեր խլել: Մեր խնդիրն է՝ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, անկախ իր քաղաքական հայացքներից, միավորվել և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխվի վիրուսի ներթափանցումն ու տարածումը մեր երկրում: Առաջին հերթին ես խոսում եմ անձնական պաշտպանիչ միջոցների մասին:
Հիմա ես ուզում եմ դիմել իշխանություններին:
Ես պահանջում եմ, որ ամեն օր Արցախի ղեկավարությունը զեկուցի քաղաքացիներին ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Մենք պետք է իմանանք, թե ինչ է անում իշխանությունը և կարողանանք հարցեր տալ: Առաջարկում եմ իշխանություններին շրջաններում ճգնաժամային շտաբեր ստեղծել և նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը թույլ կտա բնակչությանը տեղեկացնել անհատական պաշտպանության միջոցների մասին:
Ես պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում:
Կոչ եմ անում գործող իշխանություններին և խոշոր ձեռնարկատերերին, ինչպես նաև Արցախի բոլոր առողջ ուժերին՝ մասնակցել այս վտանգի դեմ ուղղված Արցախի պաշտպանության բոլոր միջոցառումների կազմակերպմանը:
Ես երաշխավորում եմ, որ շուտով կստեղծեմ ենթակառուցվածք , որը կտեղեկացնի հանրությանը կորոնավիրուսին վերաբերող բոլոր արդի հարցերի մասին: Արդեն այսօր ես ստացա Հայաստանի, Ռուսաստանի և Սփյուռքի գործընկերների աջակցության հավաստիքը, և ես ձեզ երաշխավորում եմ, որ բնակչությանը հնարավորություն կտանք կապվել բժիշկների՝ համաճարակաբանների հետ: Չնայած իրավիճակի լրջությանը, ես արցախցիներին կոչ եմ անում հանգիստ մնալ և չկորցնել ինքնատիրապետումը, խուճապը որևէ լավ բանի չի հանգեցնի: Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները պահպանելու համար մեզ պետք է ռազմական կարգապահություն: Հոգ տարեք ձեր և ձեր մտերիմների մասին:
Աստված մեզ պահապան»:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Բակո Սահակյանին
- Վիտալի Բալասանյանի գրասենյակն ահազանգում է ընտրակաշառքի բաժանման և քաղաքացիներին ահաբեկելու մասին
- Վիտալի Բալասանյան. «Պետք է հետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար»
- Վիտալի Բալասանյան. Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան