Արցախի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ընտրությունների և բնակչության առողջության անվտանգության միջև
Vesti.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Թեև ուշացումով, բայց որոշումը կայացված է, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ակնհայտ է, որ արտակարգ իրադրությունն իր ազդեցությունը տարածում է նաև քաղաքական գործընթացների վրա: Մասնավորապես դադարեցվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը:
Հայաստանի ներքին կյանքում լուրջ սրբագրումներ են կատարվում, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ Արցախի վրա: Իսկ այնտեղ, «ի հեճուկս» հնարավոր համաճարակային վտանգի, քարոզարշավը շարունակվում է: Բարեբախտաբար Արցախում վարակվածության դեպքեր չեն գրանցվել, բայց Հայաստանի փորձը ցույց տվեց, որ այն կարող է «անակնկալ» հայտնվել ու շատ արագ տարածվել: Այս առումով Արցախի իշխանությունները հապաղելու ժամանակ չունեն և նույնպես պետք է արմատական միջոցառումներ ձեռնարկեն. հայտարարվի արտակարգ դրություն, ինչպես դա արվեց Հայաստանում: Ի վերջո Արցախը Հայաստանի հետ այլընտրանք չունեցող տնտեսական և մարդկային ակտիվ շփումների մեջ է: Ըստ այդմ հարկավոր է դադարեցնել նաև նախընտրական քարոզարշավը և հետաձգել ընտրությունների օրը, բնակչության առողջության անվտանգությունը պետք է գերակայի քաղաքական պրոցեսների նկատմամբ:
Բացի այդ, Արցախում ընթացող նախընտրական շրջափուլն իր ենթատեքստում որոշակիորեն կրում է հայաստանյան քաղաքական զարգացումների ազդեցությունը և ակամա զուգահեռվում է ներհայաստանյան օրակարգի հետ: Որքան էլ որ այդ ընտրությունները Արցախի ներքին հարցն են, այնուամենայնիվ հայաստանյան քարոզչական «թայմ աութը» չի կարող իր ազդեցությունը չթողնել արցախյան նախընտրական տրամաբանության և տրամադրությունների, իսկ վերջին հաշվով թեկնածուների և ընտրողների իրական ակնկալիքների վրա:
Արցախի իշխանությունները հիմա պարտավոր են ընտրություն կատարել ընտրությունների և բնակչության առողջության անվտանգության միջև՝ հօգուտ վերջինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան