Հաշտարարի գրասենյակին կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձինք
«Առաջարկում ենք դրույթ, համաձայն որի՝ հաճախորդի կողմից լիազորված ֆինանսական հաշտարարը կարող է նրա անունից դիմել ֆինանսական կազմակերպություն և ստանալ պատասխան»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Նշենք, որ հանձնաժողովը քննարկում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը։
Խաչատրյանը հիշեցրեց, որ ներկայիս գործող օրենքով՝ հաճախորդը ֆինանսական հաշտարարին դիմելուց առաջ պետք է դիմի ֆինանսական կազմակեպություն՝ ստանալու համար իր դիմումի պատասխանը, որից հետո, համաձայն չլինելու դեպքում, նոր կարող է դիմել հաշտարարի ինստիտուտին։
Պատգամավորը նշեց, որ առաջարկվող նախագծով Հարկային օրենսգիրքը սահմանելու է նաև հաշտարարի գրասենյակի հարկային արտոնությունները։ Ըստ փաթեթի՝ հաշտարարի գրասենյակն ազատվում է մատուցվող ծառայությունների համար նախատեսված ավելացված արժեքի հարկից։
«Սահմանում ենք նաև, որ հաշտարարի գրասենյակին կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձինք։ Եվ այս դեպքում նրանք կարող են հաշտարարի որոշումների հետ կապված վեճերով դիմել իրենց գտնվելու վայրին մոտ ընդհանուր իրավասությունների դատարան»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ հաշտարարի գրասենյակին կարող են դիմել միկրոձեռնարկությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան