Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը
Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։
Կառավարության փոխանցմամբ, պարետատան ղելկավար, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է.
«Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը»։
Նա նաև նշել է, որ քննարկելու են միասնական թեժ գծի գործարկման հարցերը:
«Ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն: Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»,-նշել է նա։
Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:
Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։
Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան